Քաղաքականություն

Իրանական կողմը լիահույս է, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ. Մահմուդ Ջաֆարի Դեհաղի

5 րոպեի ընթերցում

Իրանական կողմը լիահույս է, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ. Մահմուդ Ջաֆարի Դեհաղի

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական կողմը լիահույս է, որ Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ և կնպաստի բարգավաճ ու խաղաղ տարածաշրջան ունենալուն ու  հատկապես հայ-իրանական կապերի ամրապնդմանը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Թեհրանի պետական համալսարանի գրականության ֆակուլտետի դասախոս և իրանագիտության միության տնօրեն Մահմուդ Ջաֆարի Դեհաղին՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլին։ 

«Իրանական կողմը լիահույս է, որ Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ և կնպաստի բարգավաճ ու խաղաղ տարածաշրջան ունենալուն ու  հատկապես հայ-իրանական կապերի ամրապնդմանը։ Մեր հարաբերություններն արմատներով գնում են հազարամյակների խորքը, երկու ժողովուրդների բարեկամության մասին վկայում են նույնիսկ Աքեմենյան ժամանակաշրջանից մեզ հասած սեպագիր արձանագրությունները։ Բարիդրացիական կապերը շարունակվել են Սասանյանների տիրապետության օրոք, այնուհետև իսլամի դարաշրջանում։ Այդ կապերը մինչ օրս պահպանել են իրենց կայուն ընթացքն ու ավելի զարգացել։ Դրանք ամուր են, որովհետև մեր ժողովուրդներն ունեն մշակութային շատ ընդհանրություններ, նման են կենցաղավարությամբ։ Լինելով Հայաստանում՝ ես իսկապես չեմ տեսնում էական տարբերություններ և ինձ օտար չեմ զգում ձեր հյուրընկալ երկրում»,- ասաց Մահմուդ Ջաֆարի Դեհաղին։ 

Իրանում էլ շփվելով տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ՝ նա չի տարանջատում նրանց իրանցիներից և հավասարապես համարում է իր հայրենակիցները։ Քանի որ մտավորական է և իրանագիտության մասնագետ, այդ ոլորտում նույնպես երկուստեք հարաբերությունները գնահատում է գերազանց, առավել ևս, որ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի հետ իրականացվում են համատեղ ծրագրեր, կազմակերպվում կարևոր համաժողովներ, կլոր սեղաններ ու քննարկումներ, որոնք միտված են կրթամշակութային ոլորտի զարգացմանը։

«Չենք մոռանում հատկապես գրականագիտական կապերի մասին։ Արդեն ընտրել ենք բանաստեղծների և գրողների, որոնց ստեղծագործությունները թարգմանվել են պարսկերեն։ ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցության շնորհիվ շուտով այդ ժողովածուն կհրատարակվի։ Փորձում ենք վերհանել նաև լեզվական ընդհանրությունները, որոնք բավականին շատ են, քանզի երկու ժողովուրդները կողք կողքի ապրել են դարերով և փոխառել ընդհանուր բառեր ու արտահայտություններ։ Աշխատանքներ են տարվում նոր բառարաններ կազմելու ուղղությամբ»,- նշեց Մահմուդ Ջաֆարի Դեհաղին։ 

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում անցկացվելիք հայ-իրանական գիտաժողովի ընթացքում իր զեկույցի թեման առնչվում է հայ մեծանուն գրականագետներին, ովքեր ուսումնասիրել են Իրանն ու պարսկերենը, հետևաբար հանգամանորեն ներկայացնելու է նրանց կյանքն ու գործունեությունը։ 

«Հայաստանին ծանոթ եմ 1995 թվականից։ Երբ ժամանեցի, շատ ծանր ու դժվար պայմաններ էին, բայց ես հաստատակամորեն եկել էի ուսումս շարունակելու։ Ծանոթացա հայերի անսահման հյուրընկալությանն ու բարությանը, հայկական մշակույթին, և հենց այդ ժամանակ էլ հասկացա, թե որքան շատ են ընդհանրությունները մեր ժողովուրդների միջև։ Իմ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ պահպանվել է մինչ օրս։ Դեռ այն ժամանակ տեսա, թե ձեր երկրում որքան ծավալուն աշխատանքներ են իրականացվում իրանագիտության ոլորտում ոչ միայն ԵՊՀ-ում, այլև մասնագիտացված մյուս կենտրոններում և հաստատություններում։ Ծանոթ եմ, թե ինչպիսի գրքեր են հրատարակվել վերջին տարիներին։ Իրանցի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են սովորել ԵՊՀ-ի իրանագիտության բաժնում: Կցանկանայի, որպեսզի իմ հայրենակիցներից ավելի շատ թվով մարդիկ ուսումնասիրեն հայագիտությունն Իրանում և հայերեն սովորեն Երևանի պետական համալսարանում»,- եզրափակեց Մահմուդ Ջաֆարի Դեհաղին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում