Հայաստան

Սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 13 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող  խանութների ցանցը, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ` այս կերպ խուսափելով խոշոր չափերի հարկեր վճարելուց։

Տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկվել են համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ 

Միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ընկերությանը պատկանող խանութները 2023-2024 թվականների ընթացքում, գնորդներից գանձված գումարները չեն մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և  թաքցրել են շուրջ 603 մլն դրամի իրացման շրջանառություն»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի, պետությանը պատճառվել է շուրջ 165 մլն դրամի վնաս։

Դեպքի առթիվ  հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ: Առգրավվել են  վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում