Շուրջ 850 գրամ քաշով «Մարիխուանա»-ի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորվել է Կոտայքի մարզի բնակիչը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձի բնակության վայրում՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տանն ու դրան օժանդակ շինություններում, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր փաթեթներ, ծխախոտի տուփեր, պոլիէթիլենային, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, օծանելիքի տուփ, թղթե պահատուփ՝ դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածների պարունակություններով, պոլիէթիլենային տոպրակ, տարբեր փաթեթներ` բյուրեղանման, փոշենման և գորշ փոշենման զանգվածներով, 4 հատ փոքր շիշ` «մետադոնային լուծույթ» գրառումներով, «B8» գրառմամբ 1,5 հատ դեղահաբեր, հոգեմետ դեղահաբեր, էլեկտրական կշեռք։ Կոտայքի մարզի բնակչի կողմից շահագործված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածների պարունակություններով:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ հայտնաբերված զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով: «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված գրության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածների մի մասը «Մարիխուանա» տեսակի, իսկ մի մասը՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են:
Բացի այդ, 2024թ. հոկտեմբերի 30–ին ժամը 13:15-ին Երևանի Թևոսյան փողոցից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է երկու քաղաքացի։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3.39 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ մյուսի մոտ՝ 1 հատ մոխրացված հետքերով կաթուցիչ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն է կատարվել հիշյալ անձանցից մեկի կողմից վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում, որի ժամանակ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հիշյալ զանգվածը նշված անձը ձեռք է բերել Կոտայքի մարզի վերոնշյալ բնակչից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի բնակչի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: