Հայաստան

Հայաստանի պետական բյուջեից 773 մլն դրամից ավելի գումար է տրամադրվել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական բյուջեից 773 մլն դրամից ավելի գումար է տրամադրվել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական բյուջեից 773 մլն 126 հազար դրամ է տրամադրվել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք անցկացվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Հատկանշական է, որ ազնավուրյան տարի է հայտարարված ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Շառլ Ազնավուրի 100-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում»,- հիշեցրեց Դանիելյանը: 

Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ միջոցառումներն անցկացվել են համընդգրկուն ծավալով՝ ապահովելով բարձր մասնակցություն։ 

Կազմակերպվել են Հայաստանում գործող տարբեր կոլեկտիվների հյուրախաղեր աշխարհի տարբեր ծայրերում՝ սկսած Հայաստանից մինչև Լատինական Ամերիկա: Սպասվում են տարբեր ձևաչափերի նոր համերգներ թե՛ արաբական, թե՛ բալթյան երկրներում: 

Որպես ազնավուրյան արվեստը ներկայացնելու նոր մոտեցում՝ Դանիելյանն առանձնացրեց ժողովրդական նվագարանների միջոցով Ազնավուր հնչեցնելու ձևաչափը: Նրա խոսքով՝ հոբելյանական տարին նշանավորվել է նաև ՀՀ մարզերում տարբեր միջոցառումներով՝ շնորհանդեսների, թատերական ներկայացումների, կինոդիտումների միջոցով: Շուտով նաև Հայաստանի նկարիչների միությունում հայ և օտարազգի նկարիչների մասնակցությամբ նախատեսվում է նոր ցուցադրություն՝ նվիրված Շառլ Ազնավուրին:

«Շառլ Ազնավուրն այնքան մերն է, որ յուրաքանչյուրս նրա մասին խոսելիս ասես մեր ընկերոջ մասին ենք խոսում: Սա վկայությունն է մեծ արտիստ լինելու, որը բոլորիս սրտում է»,- ասաց փոխնախարարը։

Դանիելյանն ընդգծեց՝ Ազնավուրի հոբելյանական տարին դասական մոտեցումներից բացի նշանավորել են այլ ձևաչափով, որպեսզի տեսնեն, թե այսօր հասարակությունը, և հատկապես երիտասարդներն ինչպես են յուրացնում, ընկալում Ազնավուրի երաժշտական, կինոյի, թատրոնի, լուսանկարչական ժառանգությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում