Հայաստանի պես փոքր պետության համար տնտեսապես ավելի ձեռնտու է ունենալ մեկ հզոր, քան մի քանի մոդուլային ատոմակայաններ. փորձագետ

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման, էներգետիկ կայունության ապահովման առումով ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Ընդ որում, տնտեսապես ավելի ձեռնտու է ունենալ մեկ հզոր, քան փոքր հզորության մի քանի մոդուլային ատոմակայաններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նաև ոլորտի զարգացման այլ խնդիրների և հարցերի: 

- Ինչպե՞ս եք գնահատում, այսպես կոչված, կանաչ էներգետիկայի հեռանկարները Հայաստանում:

- Կանաչ կամ վերականգնվող էներգետիկան ընդարձակ հասկացություն է: Հայաստանում, կլիմայական առանձնահատկություններից ելնելով, որոշակի հեռանկար ունի արևային էներգետիկան, որն առավել արդյունավետ է հատկապես մեր երկրի բարձրադիր դիրքի պայմաններում՝ միաժամանակ հանդիսանալով էներգիայի առավել էժան աղբյուր:  

Այնուհանդերձ, ընտրությունը կախված է նպատակից: Եթե ցանկանում ենք զարգացնել արդյունաբերությունը, ապա նախապատվությունը պետք է տալ ջերմաէլեկտրակայաններին, ատոմակայաններին և ավանդական էներգետիկայի մյուս աղբյուրներին, որովհետև դրանք ավելի կայուն են աշխատում՝ կախված չեն արևի կամ քամու լինել-չլինելու հանգամանքից: Եվ ամենակարևորը՝ ավելի մեծ հզորություն են ապահովում: Կարող ես 50-100 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան կառուցել, մինչդեռ մեկ ջերմակայանը 250 և ավելի շատ մեգավատ էլեկտրականություն է արտադրում: Իսկ Հայկական ԱԷԿ-ի հզորությունը 420 մեգավատ է: Սա է ողջ խնդիրը:

«Կանաչ» էներգետիկան շատ արդյունավետ է զուտ սահմանափակ հարցեր լուծելու, օրինակ, որևէ տան կամ շենքի էլեկտրամատակարարումն ապահովելու համար: Հնարավորություն է ընձեռում էլեկտրաէներգիայի վճարի հետ կապված որոշակի գումար խնայել և նույնիսկ վաստակել՝ վաճառելով էլեկտրաէներգիայի ավելցուկը: Բայց անգամ այդ դեպքում շուրջօրյա կայուն սպառում ապահովելու համար անհրաժեշտ է միանալ ընդհանուր համակարգին: Այնպես որ, Հայաստանում «կանաչ» էներգետիկայի հեռանկարներն ուղղակիորեն կախված են երկրի զարգացման ուղենիշից:

Ի դեպ, կարևոր է հաշվի առնել նաև վերականգնվող էներգետիկայի միջոցները սահմանամերձ շրջաններում տեղադրելու հետ կապված ռիսկերը: Դրանք կարող են հեշտությամբ թիրախավորվել և ոչնչացվել՝ խաթարելով երկրի էներգետիկ անվտանգությունը: Այդ իմաստով ատոմակայաններն ու ջերմակայանները պակաս խոցելի են, քանի որ ենթակա են հատուկ պաշտպանության: 

- Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ կարելի՞ է ասել, որ Հայաստանում ներկայում առավել հեռանկարային է միջուկային էներգետիկան:

- Միանշանակ: Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման, էներգետիկ կայունության ապահովման առումով ատոմային էներգետիկան, կարծում եմ, այլընտրանք չունի: Նշեմ, որ այս պահին Մեծամորի ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ավելի էժան է, քանի որ կայանը վաղուց է շահագործվում: Սակայն նոր ԱԷԿ-ի կառուցման պարագայում էլեկտրաէներգիայի գինը կարող է աճել, քանի որ առաջանալու է կատարված ներդրումները հնարավորինս արագ վերադարձնելու խնդիր: 

Եվս մեկ դիտարկում. Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսված է երկարաձգել մինչև 2036 թվականը: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն կարելի է երկարաձգել ևս 10 տարով: Կան ատոմակայաններ, որոնց շահագործման ժամկետը 5 անգամ 10-ական տարով երկարաձգվել է:

Այսօր ամենաարդյունավետը ատոմակայաններն են: Առավել ևս, որ նոր տիպի կայանները մեկ լիցքավորմամբ աշխատում են հինգ տարի: Հները լիցքավորվում են տարին մեկ անգամ: Կան նաև ջրածնային համակարգեր, բայց դրանք առայժմ հեռանկարային չեն:

- Հաշվարկվա՞ծ է, թե ներկայում Հայաստանը տարեկան կտրվածքով որքան էլեկտրաէներգիայի կարիք ունի:

- Այս պահին պահանջարկը 7-8 մլրդ կիլովատ ժամ է: Հայաստանի էներգետիկ ռազմավարությամբ այդ ծավալը նախատեսվում է հասցնել 15 մլրդ կիլովատ ժամի, սակայն դրա հնարավորությունը չեմ տեսնում: 

- Ավելցուկը նախատեսվում է արտահանե՞լ:

- Ամենայն հավանականությամբ: Հայաստանի արդյունաբերությունը կարճ ժամանակահատվածում դժվար թե կարողանա այդքան էլեկտրաէներգիա սպառել: Բայց արտահանումը նույնպես խնդիր է, որովհետև չունենք բարձրավոլտ էլեկտրագծեր: Դեպի Իրան բարձրավոլտ գծերի կառուցումը շատ դանդաղ է ընթանում, իսկ Վրաստանի ուղղությամբ ընդհանրապես համակարգ չի կառուցվում: Այսինքն, տարբեր գործոնների պատճառով այսօր չունենք արտահանման հզորություններ: 

- Իսկ Վրաստանն ու Իրանն ունե՞ն լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք:

- Ունեն: Իրանը շատ արագ զարգացող և բնակչության դինամիկ աճ ունեցող պետություն է: Հատկապես ամռանն այնտեղ էլեկտրաէներգիայի պակաս է զգացվում: Իսկ, օրինակ, Ռուսաստանը նման խնդրի է բախվում ձմռանը: Եթե Հայաստանը միացած լիներ այդ համակարգին, ապա կկարողանար ահռելի մեծ եկամուտ ստանալ՝ ձմռանը Ռուսաստանին, իսկ ամռանը՝ Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելու շնորհիվ:

- Ըստ Ձեզ, Հայաստանում էներգետիկ շուկայի ազատականացումը կնպաստի՞ ոլորտի զարգացմանը:

- Շուկայի ազատականացումն, ինձ թվում է, առավել օգտակար կլինի անհատ սպառողների համար: Սակայն, չեմ կարծում, որ գլոբալ առումով կլուծի պետության էներգետիկ անվտանգության խնդիրը: 

- Էներգետիկ անվտանգության ի՞նչ մարտահրավերների կարող է բախվել Հայաստանը և ինչպե՞ս կարելի է կանխել դրանք:

- Հիմնական մարտահրավերը նոր արտադրական հզորությունների ստեղծումն է, նաև արտահանման խնդրի լուծումը: Հայաստանը էներգետիկ ոլորտում անընդհատ ներդրումների կարիք ունի: Այդ ներդրումները շատ արդյունավետ կլինեն, եթե հնարավոր լինի մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: 

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանում ձեռնտու է ունենալ մի քանի մոդուլային, թե՞ մեկ հզոր ատոմակայան: 

- Մեր դեպքում մեկ հզոր կայան ունենալը միանշանակ ավելի ձեռնտու է: Մոդուլային կամ փոքր կայաններ կառուցելն ավելի ձեռնտու է մեծ տարածքներ և շատ բնակչություն ունեցող երկրների համար, օրինակ՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի: Միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվող բազմամիլիոնանոց բնակչությամբ քաղաքները էլեկտրաէներգիայով ապահովելու համար ավելի էժան տարբերակ է մոդուլային կայանի ստեղծումը, որը մեկ լիցքավորմամբ 5 տարի կաշխատի: Հայաստանում մոդուլային ատոմային կայանների կառուցման տնտեսական նպատակահարմարությունը չեմ տեսնում: Մի քանի տասնյակ հազար բնակչությամբ որևէ մարզ կամ քաղաք էլեկտրաէներգիայով ապահովելու համար, ասենք, 50 մեգավատանոց ատոմային կայան կառուցելն ավելորդ ծախս է: Բացի այդ, կա նաև անվտանգության խնդիր՝ սպառնալիքներ, որոնք բխում են մեր որոշ սահմանակից պետություններից: 

- Կարծիք կա, որ Մեծամորի ԱԷԿ-ը որոշակի առումով Հայաստանի միջուկային վահանն է: Չե՞ք կարծում, որ մոդուլային կայանների ստեղծմամբ կունենանք մի քանի փոքր միջուկային վահաններ:  

- Չեմ կարծում, որովհետև, կրկնեմ, Հայաստանի պես փոքր պետության համար տնտեսապես ավելի ձեռնտու է ունենալ մեկ հզոր, քան մի քանի մոդուլային ատոմակայաններ, որոնք, ըստ որում, հայտնի չէ, թե ինչ արդյունավետությամբ կաշխատեն: Հատկապես ամերիկյան մոդուլային կայանները, որոնք նույն ԱՄՆ-ը չի խիզախում կառուցել իր տարածքում, քանի որ այդ երկրի Ատոմային էներգիայի կարգավորման հանձնաժողովը դրանց շահագործման անվտանգության հետ կապված խնդիրներ է արձանագրել: Այս պահի դրությամբ ԱՄՆ-ի տարածքում չկա որևէ մոդուլային կայան: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ մենք ինչո՞ւ ենք թույլատրում:

- Մոդուլային կայանների կառուցման ո՞ր երկրի առաջարկն է ավելի հուսալի և էժան:

- Այսօրվա դրությամբ շուկայում ամենահուսալին և էժանը ռուսական ՎՎԷՌ-ն է (водо-водяной энергетический реактор): Հենց այդ տիպի է Հայաստանում ներկայումս աշխատող ԱԷԿ-ը: Դա կարևոր է նաև այն առումով, որ չի առաջանալու մասնագետներին վերապատրաստելու խնդիր: 

Հայերեն Русский