Իրավունք

Նոյեմբերի 1-ին ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Քրեական ու Համայնքային ոստիկանությունները

3 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 1-ին ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Քրեական ու Համայնքային ոստիկանությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ին ձևավորվել են չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ Քրեական ոստիկանությունն ու Համայնքային ոստիկանությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Պարեկային ծառայությունն արդեն իսկ ձևավորվել է, իսկ Ոստիկանության գվարդիան ձևավորման փուլում է: 

Բարեփոխումների նպատակը առավել մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելն է, կառուցվածքի արդյունավետությունը երաշխավորելը և կառուցվածքը գործառույթին ծառայեցնելը։

Ըստ աղբյուրի՝ իրականացվել են հետևյալ բարեփոխումները՝

Քրեական ոստիկանություն

  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։
  • Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ նոյեմբերի 1-ից լուծարվել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները։
  • Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն։
  • Տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։
  • Ծառայությունը համալրվել է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային համակարգերով, թվային տեխնոլոգիաներով: 

Համայնքային ոստիկանություն

  • Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվել են համայնքային ստորաբաժանումներ։
  • Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ պայմանավորված՝ լուծարվել է Ճանապարհային ոստիկանությունը։
  • Համայնքային ոստիկանները բոլոր ուղղություններով իրականացնելու են հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու գործառույթներ։ 
  • Ծառայությանը վերապահված է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործառույթ:
  • Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվել ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ մի շարք այլ լիազորություններ։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում