Երևան

Տրանսպորտային համակարգից օգտվող քաղաքացիների որոշ խմբեր կօգտվեն զեղչերից. արտոնությունների փաթեթը կներկայացվի ավագանու քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Տրանսպորտային համակարգից օգտվող քաղաքացիների որոշ խմբեր կօգտվեն զեղչերից. արտոնությունների փաթեթը կներկայացվի ավագանու քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400 դրամ: 

Ի դեպ, եթե հոկտեմբերի 31-ին վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR) վճարում է իրականացրել 19 հազար 709 քաղաքացի, ապա նոյեմբերի 1-ին՝ 52 հազար 153 քաղաքացի:  

«Այս ընթացքը մեզ ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումն ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի: Առաջիկա ավագանու նիստերից մեկի ժամանակ կներկայացվի նաև արտոնությունների փաթեթը: Կլինեն արտոնյալ խմբեր, որոնք կօգտվեն զեղչային համակարգից. դպրոցականներ, թոշակառուներ, հատուկ խմբեր, որոնք իրապես ունեն դրա կարիքը»,- նշել է քաղաքապետը:  

Քննարկման ժամանակ նշվել է, որ ներկրված նոր 171 ավտոբուսները վարելու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք և երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող 342 վարորդներ: Աշխատավարձը 420 հազար դրամ է՝ 14-օրյա գրաֆիկով, խոսքը 8.5մ ավտոբուսների վարորդներին է վերաբերում, իսկ մեծ ավտոբուսների վարորդների պարագայում վարձատրությունը կլինի 500 հազար դրամ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում