Եվրոպա

Բորելը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Բորելը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին Տոկիոյում հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ճապոնական Mainichi պարբերականը։ 

Նակատանին և Բորելը հայտարարել են, որ կհամագործակցեն անվտանգության հետ կապված մի շարք խնդիրների շուրջ, որոնք առկա են Եվրոպայից մինչև Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան ընկած հատվածում։ Կողմերը նաև հայտարարել են, որ Եվրոպայի և Ասիայի անվտանգությունն անբաժանելի է։ 

Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի փոխգործակցության թեման։ Բացի այդ, Բորելը և Նակատանին դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին արձակումը։

Ավելի ուշ Բորելը կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեսի Իվայայի հետ, ինչպես նաև կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ 

Այցի ընթացքում կողմերը կհայտարարեն անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին, ինչպես նաև կվավերացնեն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։ Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ խոսքը վերաբերում է համագործակցությանը ծովային և կիբեռանվտանգության բնագավառներում, ինչպես նաև տիեզերքում։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բորելը նոյեմբերի 1-4-ը կայցելի Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում