ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Արտաքին գործերի և Շրջակա միջավայրի նախարարությունների թիմերին՝ բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ COP 17-ը, Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից՝ նախագահը շնորհավորական և շնորհակալական խոսքերը փոխանցել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:
Այս կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վահագն Խաչատուրյանը նաև հաջողություններ է մաղթել հանձնառու գերատեսչություններին 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում: