ԿԱՊԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանից Քաջարան տանող ճանապարհի գողտրիկ անկյուններից մեկում՝ խիտ բուսականությամբ պատված տարածքում, այս տարվա սեպտեմբերին հնագիտական արշավախումբը դարավոր թաքստոցից դուրս բերեց քարակերտ մի շինության փլատակներ, որոնք ենթադրաբար շուրջ 1000 տարի առաջ ամբողջացրել են սյունյաց արքայի կամ արքաների գահանիստ պալատը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր էլ հայրենի հողին ամուր խարսխված պատերը պատկառանք են ներշնչում:
Թեպետ շինության առեղծվածը դեռ լիովին բացահայտված չէ, քանի որ ծավալուն պեղումներն առջևում են, հնագետները համարում են, որ հենց դա է եղել Սյունիքի թագավորության լեգենդար արքունական պալատը: Ի դեպ, թագակիր անձանց կյանքի և պատմական կարևոր իրադարձությունների այս հնարավոր համր վկաները վաղուց են հայտնի մասնագետներին և տեղի բնակչությանը: Պարզապես, ինչպես նշեց պալատի թաքնված շերտերը բացահայտող արշավախմբի ղեկավար Գագիկ Սարգսյանը, հիմա Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի նախաձեռնությամբ ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Սյունիքի ներդրումային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հնարավոր է դարձել ավելի հստակ նույնականացնել կառույցի տարիքն ու նշանակությունը:
Նա տեղեկացրեց, որ դեռևս 1988 թվականին հնագետ Վահան Գայսրյանը փլատակների մասին գրել էր վկայագիր և դրանք գրանցել Պետական հուշարձանների պահպանության կադաստրում: Միայն թե նա կառույցը բնորոշել էր որպես XVII դարի դղյակ, իսկ գիտական համալիր ուսումնասիրություններ մինչև վերջերս չէին անցկացվել:
Այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին 2024 թվականին: Պատկան մարմինների ջանքերով տարածքն ու կառույցն ազատվեցին անտառային խիտ բուսականության ճիրաններից և անանցանելի մոշուտներից՝ ճանապարհ հարթելով գիտնականների համար: Նրանց հաջողվեց հնարավորինս մանրամասն ուսումնասիրել հիմնական կառույցի ու հարակից շինությունների փլատակները և, համադրելով տարբեր գործոններ, եզրակացնել, որ իրականում դա պալատական համալիր է, այն էլ՝ շատ ավելի վաղ ժամանակաշրջանի, քան ենթադրվում էր:
Հուշարձանը, կարծես, ինքն էր հոժարակամ բացահայտում իր գաղտնիքները և տարիքը: «Ընդհանրապես հնագիտական հուշարձանի թվագրման համար հիմք է ծառայում տեղում գտնված խեցեղենը: Այստեղ դրա ամենավաղ շերտը IX-X դարերի է, այսինքն՝ հենց Կապանի թագավորության շրջանի»,- ներկայացրեց Գագիկ Սարգսյանը:
Նրա գլխավորած արշավախմբի անդամներից Ավետիս Գրիգորյանը հաղորդեց այլ հետաքրքիր մանրամասներ. «Գտածոների ճնշող մեծամասնությունը, ինչը շատ հազվադեպ է պատահում, ջնարական խեցեբեկորներ են: Դա վկայում է այստեղ քաղաքային կարևոր կենտրոնի առկայության մասին: Փաստացի բոլոր նյութերի համադրությունը՝ պատմական աշխարհագրության և պատմական տվյալները, տեղանքում գտնված գտածոները, կառույցների ֆիքսումը հուշում է, որ իսկապես գործ ունենք թագավորության գլխավոր միջնաբերդի հետ»:
Փաստորեն, նոր տվյալները և նյութերը արշավախմբի անդամներին հիմք են տալիս ենթադրելու, որ հուշարձանը 7-8 հարյուրամյակով ավելի հին է, քան թվագրվել էր մինչ այդ: Սակայն, ինչպես նշվում է հայտնի գովազդում, դա էլ դեռ ամենը չէ: Գագիկ Սարգսյանի հավաստմամբ՝ շինությունը ոչ միայն ավելի հին է, այլև բացառիկ է:
«Միակ կառույցը, որի հետ կարող եմ սա համեմատել, Գանձասարի դիմաց գտնվող Խաչենի իշխանների պալատական դղյակն է, որն անվանում են Դարպասներ: Մոտավորապես նույն կառուցվածքն ունի՝ դարձյալ ունի եկեղեցի, պատերը կամարակապ են: Միակ զուգահեռը դա է: Հայաստանի տարածքում Սյունիքի թագավորական պալատի պես այլ կառույց չունենք»,- նշեց Գագիկ Սարգսյանը:
Մասնագետներին հաջողվել է պարզել նաև կառույցի չափերը և, նույնիսկ, պատկերացում կազմել դրա տեսքի մասին:
«Նախնական տվյալներով, դա եղել է միհարկանի, ուղղանկյուն հատակագծով կառույց: Ճարտարապետ Լևոն Վասիլյանն արդեն մոտ 90 տոկոսով վերակազմել է դրա հավանական նախնական տեսքը: Դեպի իշխանատուն ծավալվող տարածքն ունի մոտ 100 մետր երկարություն և 50 մետր լայնություն: Արքունական պալատի պարսպից դուրս ամբողջությամբ տարածված են փոքրիկ շինությունների հետքեր: Հավանաբար, դրանք եղել են կից օժանդակ կառույցները»,- պատմեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը:
Շարունակելով ներկայացնել հուշարձանը՝ Ալյոշա Հայրապետյանը նշեց. «Այս հատվածում եղել են պատեր, իսկ դրանց արանքում՝ դռներ: Կենտրոնում էլ տեսնում եք փոքրիկ օջախ: Այստեղ ուղղանկյուն հատակագծով փոքրիկ մատուռ է եղել, որտեղ, հավանաբար, աղոթել են Սյունյաց իշխան-իշխանուհիները կամ թագավորը: Բայց հիմնականում, ինչպես նշել է Ստեփանոս Օրբելյանը, նրանք ամեն կիրակի պատարագի են մասնակցել մոտակա Վահանավանքում»:
Գագիկ Սարգսյանն էլ պատմեց, որ կառույցը 5 սենյականոց մեծ համալիր է, որի մեջտեղով միջանցքը տանում է դեպի մեծ դահլիճ: Դահլիճից դուրս կա ներքին բակ, որտեղ, ըստ ամենայնի, հանգստացել են արքայական ընտանիքի անդամները: Բլրի ստորոտից դեպի պալատ է գալիս մի ճանապարհ՝ այցելուին լավ կառուցված մուտքով հասցնելով բաց բակ, այնտեղից էլ՝ բուն պալատ:
Արշավախմբի մասնակից Լևոն Մկրտչյանը ուշադրություն հրավիրեց ևս մեկ էական հանգամանքի, որը վկայում է՝ գործ ունենք ոչ թե տեղացի ազնվականներից մեկի դղյակի, այլ իրապես արքայական պալատի հետ:
«Պալատի կարևորագույն նշանակության մասին են վկայում նրա դիրքը և շրջապատում ձևավորված ամրաշինական համակարգը: Նման պաշտպանական կառույցները բազմաթիվ են: Փաստորեն, ամբողջ Ողջի գետի հոսանքը ծածկվել է ամրոցների մի կուռ համակարգով, որոնց մի զգալի մասը մեզ հաջողվել է տեսնել: Դրանց անունները հայտնի են մատենագիտական տեղեկություններից: Դրանց անդրադարձել է Սյունյաց մետրոպոլիտ և պատմագիր Ստեփանոս Օրբելյանը: Ամրոցների այդ ցանցը փաստորեն սկսվում է ներկայիս Քաջարան քաղաքից, որտեղ գտնվել է Շլորուտ ամրոցը և, ձգվելով Ողջի գետի ողջ երկայնքով, հասել է մինչև ներկայիս Կապան քաղաքի մատույցները: Ստացվում է, որ 7-8 ամրոց է շրջապատել այս պալատ-դղյակը»,- պատմեց Լևոն Մկրտչյանը:
Իսկ ո՞ր արքային կամ արքաներին է պատկանել պալատը: Հնագետները նշեցին երկու հավանական թեկնածուների անուններ:
«Սյունիքի թագավորությունը հռչակվել է 987 թվականին և առաջին թագավորն էր Սյունյաց գահերեց իշխան Սմբատը: Մի քանի տարի անց (998 թվականին) նրան փոխարինել է որդին՝ Վասակը: Պատմական տեղեկությունների համադրությունը ցույց է տալիս, որ Կապանը, հավանաբար, հենց այդ տարի է հռչակվել Սյունիքի թագավորության մայրաքաղաք: Գիտենք, որ հետագայում Կապանում և ընդհանրապես ամբողջ թագավորությունում բուռն շինարարություն է ծավալվել, հատկապես XI դարի ընթացքում: Մինչ այդ սկզբնաղբյուրներում բավական անհայտ Կապանը արդեն XI դարում ամբողջ Հայաստանի կարևոր քաղաքներից մեկն էր. միջին մեծության քաղաք էր, որն, ըստ մասնագետների, Սյունիքի թագավորության վերելքի շրջանում ուներ շուրջ 200 հազար բնակիչ, ինչը բավականին մեծ թիվ է: Համեմատության կարգով նշեմ, որ դա նկատելիորեն գերազանցում է քաղաքի ներկայիս բնակչության ցուցանիշը»,- հայտնեց Ավետիս Գրիգորյանը:
Արշավախմբի անդամները հուսով են հաջորդ տարի, արդեն ավելի մեծ ֆինանսավորմամբ, շարունակել արքայանիստ քաղաքի և նրա գլխավոր կառույցի առեղծվածի բացահայտումը: «Պեղումները ցույց տվեցին, որ առնվազն պալատի կենտրոնական հատվածում դեռ մոտ 1 մետր խորությամբ պետք է պեղենք, որպեսզի հասնենք նախնական հատակին: Ենթադրում ենք, որ որքան իջնենք, այնքան ավելի կխտանան միջնադարին վերաբերող գտածոները: Շատ կարևոր է ճանապարհ կառուցել և հողը հեռացնել հուշարձանից: Այնտեղ, որտեղ պեղես, նոր հուշարձաններ կգտնես՝ ամենուր շինությունների հետքեր են»,- նշեց Գագիկ Սարգսյանը՝ խոստանալով, որ ամենահետաքրքիրն առջևում է: