Իրավունք

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը

2 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ. հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացվել 52 և 53 տարեկան երկու տղամարդիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 52-ամյա տղամարդու մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց: 

«Փաստերի ճնշման տակ 53-ամյա տղամարդը չժխտեց, որ մեքենայում եղած սուբուտեքսը 10 հազար դրամով գնել է Ջրվեժ գյուղում` իր ծանոթից: Իրավապահներն արդեն գիտեին ծանոթի ինքնությունը:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հայտնաբերվեց ու այս դեպքում արդեն թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով ձերբակալվեց նաև Ջրվեժի 56-ամյա բնակիչը և, իր վարած «Մերսեդես»-ով հանդերձ, տեղափոխվեց բաժին:

Վարույթի շրջանակներում նույն օրը 56-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց խուզարկություն. հայտնաբերվեցին 1 կգ 452 գրամ մարիխուանա, 15 գրամ մեթամֆետամին, 2,5 գրամ կոկաին, մեկ գրամ հերոին, 2 գրամ հաշիշ, մեկուկես հաբ սուբուտեքս և 170 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ 110 դեղահաբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում