Քաղաքականություն

Հայաստանը որոշակի դրական մթնոլորտ է նկատում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը որոշակի դրական մթնոլորտ է նկատում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում որոշակի դրական մթնոլորտ կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  

«Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ևս քայլեր են արվել։ Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք կիսապաշտոնական կերպով ողջունվել են։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ որոշակի դրական մթնոլորտ կա։ Եվ մենք կշարունակենք ադրբեջանական կողմի հետ աշխատանքները նաև ապաշրջափակման հարցում ընդհանուր համաձայնության գալու շուրջ»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը նաև հիշեցրեց Հայաստանի սկզբունքները ապաշրջափակման հարցում։

«Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրի ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրի օրենսդրությանն և իրավազորությանը համապատասխան, որի տարածքով անցնում են։ Եվ ամեն ինչ պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։

Նաև քաջատեղյակ եք, որ այս սկզբունքներն արտացոլված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում։ Ուրախ եմ ասել, որ բազմաթիվ երկրներ ողջունել են այս նախագիծը և ենթադրում են, որ այն կարող է մաս կազմել ավելի լայն լոգիստիկ ցանցերի և նոր նախագծերի։  «Խաղաղության խաչմերուկ»-ն է այն տեսլականը, որի մեջ տեսնում ենք նաև Ադրբեջան-Հայաստան տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը»,- ասաց Միրզոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում