Իրավունք

Առանց ամրակապման, հեռախոսով խոսելով  և ծխելով ավտոմեքենա վարելու դեպքերն աճել են. ՆԳ նախարարությունն ահազանգում է

2 րոպեի ընթերցում

Առանց ամրակապման, հեռախոսով խոսելով  և ծխելով ավտոմեքենա վարելու դեպքերն աճել են. ՆԳ նախարարությունն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, վարելիս հեռախոսով խոսելը կամ ծխախոտային արտադրանք օգտագործելը վթարների պատճառ հանդիսացող իրավախախտումներից են, իսկ չամրակապված վարելը հանգեցնում է ծանր հետևանքների:

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացնում է նաև ուժեղացված ծառայություններ և հատուկ միջոցառումներ։

«ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում արձանագրվել և որոշում է կայացվել  չամրակապված տրանսպորտային միջոցներ վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու հետ կապված իրավախախտումների գործերով 132 574 որոշում, ինչը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 84 հազարով։ 

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է հեռախոսակապից օգտվելու կանոնների խախտման 22 182 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 5900-ով: Արձանագրվել է ծխախոտային արտադրանք օգտագործելու 19 136 իրավախախտում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2670-ով»,- ներկայացնում է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Ըստ աղբյուրի՝ միջազգային փորձը վկայում է՝ ամրագոտու կիրառումը 80-85%-ով կրճատում է զոհվելու և 50-55 %՝ մարմնական վնասվածք ստանալու հավանականությունը, իսկ հեռախոսակապից օգտվելը և ծխելը շեղում են վարորդի ուշադրությունը՝ խանգարելով ճիշտ գնահատել իրավիճակը:

«Պարեկների կողմից արձանագրվող իրավախախտումներն ունեն մեկ  նպատակ՝ կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների  թիվը, իսկ օրինապահ վարելու մշակույթը դարձնել կենսակերպ։  

Յուրաքանչյուր անմեղ թվացող իրավախախտում կարող է մարդկային կյանք արժենալ:

Հանրային անվտանգության պահպանությունը ՆԳ նախարարության առաջնային նպատակներից է»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում