Երվանդ Քոչարի ստեղծագործական կյանքի լավագույն շրջաններն ամփոփվեցին «Հատելով ժամանակ և տարածություն» ցուցադրությամբ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» խորագրով ցուցահանդեսը հնարավորինս համապարփակ ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին՝ ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և արվեստագետի ընտանիքի համագործակցությամբ, բացվեց հոկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Երվանդ Քոչարի  ստեղծագործական ժառանգությունը XX-րդ դարի համաշխարհային մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: Նա ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների` Պիկասոյի, Բրակի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և այլոց կողքին»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Նա շեշտեց՝ վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանն ու միջազգայնացմանը։ «Արդեն իրականացվել և մինչև տարեվերջ իրականացվելու են ֆիլմաշարեր, ցուցահանդեսներ, մարզային մշակութային և կրթական ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Այս տարվա նոյեմբերի 27-ին Պոմպիդու կենտրոնում կկազմակերպվի Սերգեյ Փարաջանովին և Երվանդ Քոչարին նվիրված ցուցադրություն: Ցուցադրվելու են կենտրոնի հավաքածուում գտնվող Երվանդ Քոչարի 2 ստեղծագործություններ: Միջոցառմանը կհաջորդի ՀՀ դեսպանության հետ համատեղ ընդունելություն՝ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության դերակատարների, ֆրանսահայ մշակութային գործիչների, Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ ընդունելության օրակարգում է նաև Երվանդ Քոչարին մեծարումը»,-ասաց փոխնախարարը։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ հայկական կերպարվեստը հարուստ է մեծություններով, իսկ Քոչարը նրանցից մեկն է։ «Քոչարը մեծագույն քանդակագործ է, մոնումենտալիստ, նկարիչ, գրաֆիկ, գյուտարար, նորարար։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել մոմաներկի բնագավառում նրա գյուտը, նոր տեխնիկան և այն, որ Քոչարը տարածական նկարչության հիմնադիրն է»,-շեշտեց Հակոբյանը։

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը կարծում է՝ յուրաքանչյուր ազգի, անհատի համար կան արժեքներ, որոնք հավերժական են և անփոխարինելի։ «Յուրաքանչյուր հայացք այդ արժեքներին փոփոխում է աշխարհն ու նոր իրականություն ստեղծում։ Քոչարը խիզախ արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված, և նա փորձում էր գտնել պատասխաններ ու առաջադրել նոր հարցադրումներ։ Հայտնվելով Փարիզում՝ նա դարձավ եվրոպական ավանգարդի երևելի ներկայացուցիչներից  մեկը։ Իրականում նա Ֆրանսիա հասավ որպես ձևավորված նկարիչ, բայց կատարելության հասավ Փարիզում 1923-1936 թվականներին՝ ստեղծելով նոր պլաստիկ գեղարվեստական  կինետիկ արտահայտչաձևը՝ տարածական նկարչությունը»,-հիշեցրեց թանգարանի տնօրենը։

Կարինե Քոչարը Երվանդ Քոչարի արվեստը բազմաշերտ է համարում, ինչը հնարավորություն է տալիս անընդհատ նոր ցուցահանդեսներ կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրը նոր երկխոսության հնարավորություն է արվեստագետի և արվեստասերի միջև։

«Քոչարը հաճախ ասում էր, որ իր հույսը ժամանակի վրա է։  Իրականում նա այդ ժամանակին սպասեց մինչև իր կյանքի մայրամուտը և այն որպես պատգամ թողեց իր արվեստի երկրպագուներին, և ես թանգարանի, ընտանիքի կողմից երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մոտեցնում են այդ ժամանակը»,-եզրափակեց Կարինե Քոչարը։

Ցուցահանդեսի համադրող Հասմիկ Բադալյանը վստահեցրեց՝ Երվանդ Քոչարը ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստում ավանգարդի հանճարեղ արվեստագետներից է, որը դեռ իր տեղը պետք է գրավի այս ասպարեզում։

Նա խոստովանեց, որ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ցուցադրությանը, քանի որ Քոչարի ստեղծագործությունները թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը, լինել սրտացավ ու երախտագիտությամբ մոտենալ ցուցադրությանը։

«Քոչարն ապրել, ստեղծագործել ու իր տարածական նկարները ստեղծել է 1920-ականներին, երբ աշխարհում կինոավանգարդի ժամանակաշրջանն էր, բայց նա մեծ մարգարեի պես կարծես գուշակում էր, որ 21-րդ դարում լինելու են ալգորիթմեր, պերֆորմանսներ, և նրա արվեստն ապագային էր միտված։ Կարծում եմ՝ երբ մտնենք ցուցասրահներ, կհասկանանք՝ Քոչարը հատում է տարածական ու ժամանակային բոլոր պատկերացումները, որոնք մենք գծել ենք, և նա դառնում է տիեզերական արվեստագետ»,-շեշտեց Բադալյանը։

Ցուցահանդեսի առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիսը, Փարիզը, Երևանը: Առանձին սրահներով ներկայացվում են նկարչի թիֆլիսյան շրջանի գեղարվեստական առաջին քայլերն ազդարարող, մասնագիտական զարգացումներն ու ձեռքբերումներն ամփոփող բազմաժանր ստեղծագործությունները: Փարիզյան շրջանի սրահներից մեկում ցուցադրված են վարպետի՝ եվրոպական ավանգարդի լավագույն ավանդույթներով ստեղծած կտավները, մյուսում՝ անիմացիոն էֆեկտներով, որոնց հեղինակը Աշոտ Մարաբյանն է, հագեցած միջավայրում, գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: 1936-ից հայրենադարձ նկարչի երևանյան շրջանը նշանավորվում է գործունեության բազմակողմանիությամբ՝ քանդակի և գրաֆիկայի բնագավառներում պլաստիկական նոր ձևերի մոնումենտալ հնչողությամբ և էպիկական շնչով, գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով: 

Վարպետի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի թանգարանում (Երևան), Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Գալուստ Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), մասնավոր հավաքածուներում։ 

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն العربية