Մշակույթ

Սոս Սարգսյանի կենդանության օրոք ասես ապրում էինք լեռան գագաթին. Համազգայինը շարունակում է պահպանել արտիստի ձեռագիրը

13 րոպեի ընթերցում

Սոս Սարգսյանի կենդանության օրոք ասես ապրում էինք լեռան գագաթին. Համազգայինը շարունակում է պահպանել արտիստի ձեռագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի գործընկերները, սաները նրան ոչ միայն մեծ արտիստ, այլև հայրենանվեր, հայրենասեր, չափազանց ինտելեկտուալ, նվիրված և մեծահոգի անձնավորություն են համարում, որի կենդանության օրոք տպավորություն է եղել, թե ապրում են լեռան գագաթին, վերևում են և երբեք ցած չեն գլորվի։

Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնը, որը կրում է նրա անունը, մշտապես հիշում է, մեծարում է Սոս Սարգսյանին, նորարարություններով ներկայանում՝ պահպանելով նրա ստեղծած ազգային արժեքները, ձեռագիրը, նրա շունչն ու ոգին։ Թատրոնում բեմադրվում են ինչպես դասականների, այնպես էլ ժամանակակից հեղինակների գործեր, իսկ Սարգսյանի 95-ամյակին թատրոնը բեմ բարձրացրեց նրա «Լակոտը» ստեղծագործության համանուն ներկայացումը։ Այն խորն է, հուզիչ, հետաքրքիր արտահայտչամիջոցներով նկարագրում է խորհրդային բարքերը, ստալինյան ռեժիմը, անհատի երջանկությունն ու դժբախտությունը, ապրելու, ազատ լինելու տենչն ու ցանկությունը։

«Արմենպրես»-ի թղթակիցը հյուրընկալվել է թատրոնում, զրուցել դերասանների, տնօրենի հետ՝ նորովի բացահայտելով Սոս Սարգսյանին։

Ռեժիսոր, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը մինչ Սոս Սարգսյանի հետ անձամբ ծանոթանալը դիտել է նրա ներկայացումները, ֆիլմերը, որոնցով շատ է հիացել, սակայն արտիստի հետ մտերմացել է Համազգային թատրոնում աշխատանքի անցնելուց հետո։ Հակոբյանի խոսքով՝ ավելի ճիշտ կլինի ասել՝ ստեղծագործական մտերմություն։ Նրանք աշխատել են և՛ թատրոնում, և՛ Թատերական ինստիտուտում։ Սոս Սարգսյանը կուրսի ղեկավարն է եղել, իսկ Հակոբյանը՝ նրա ասիստենտը, ինչպես այսօր ասում են՝ երկրորդ դասախոսը։ 

«Ինձ ամենաշատն ուրախացնում էր նրա վստահությունն իմ հանդեպ, երբեմն ասում էր՝ չի հասկանում, թե ինչ եմ անում, բայց, հավանաբար, ճիշտ եմ։ 1999 թվականն է. դասավանդում եմ Արման Նավասարդյանենց կուրսին։ Նրանց հետ փորձ եմ անում և ասում՝ ով էլ ներս մտնի, չի կարելի ընդհատել աշխատանքը։ Այսպիսով՝ նրանց հետ դրենաժ ենք անում։ Խնդիր եմ տվել՝ ոչ մի բանի մասին չմտածել ու նայել վերև, հետո շրջվել միմյանց դեմ առ դեմ և իրար նայել, հետո նայում ենք իրար աչքերի մեջ ու լռում ենք, ոչինչ չենք մտածում։ Ներս է մտնում Սոս Սարգսյանն ու լուռ հետևում։  Հարցնում է, թե ի՞նչ են անում ուսանողները, ասում եմ, որ վարժություն, որի միջոցով երկխոսել են սովորում, հարցնում է, թե ինչո՞ւ չեն խոսում, պատասխանում եմ՝ որովհետև երկխոսությունը կայանում է այն ժամանակ, երբ ոչ թե խոսում են, այլ լսում են իրար։ Բեմում խոսողին հանդիսատեսն ընկալում է այն ժամանակ, երբ նրան լսողը հետաքրքիր է։ Սոս Սարգսյանը լսում է և ասում. «Շաշ-շաշ բաներ ես ասում, բայց, կարծես թե, հետաքրքիր է»։ Նա ինձ շատ էր վստահում»,-հիշում է Հակոբյանը։

Համազգային թատրոնը, որը սեփական շենքը կունենա 2025-ի գարնանը, գործել է Հայաստանի գրողների, ժուռնալիստների միություններում և հաջողություններ գրանցել։ Երբ տեղափոխվել են Թատերական ինստիտուտ, մի շարք խնդիրներ են ի հայտ եկել։ «Դահլիճը նման չէր դահլիճի, բեմը նեղ էր, աթոռները կոտրված, ոչ մի բան չկար, ժողովարան էր։ Մենք մեր ձեռքերով ենք դահլիճ սարքել, բեմի տարածքը և այլն։ Այդ ժամանակ մի քանի դերասան, որոնք հայտնի էին, տաղանդավոր, հեռացան թատրոնից, բնական է, որովհետև վիճակը լավ չէր։ Սոսն ահավոր հիասթափվեց։ Մի քանի փորձված դերասաններով էինք մնացել։ Նա զայրացավ, ասաց, որ փակում է թատրոնը, մենք թողեցինք, որ նա մի քիչ հանգստանա։ Մտա նրա մոտ ու խնդրեցի, որ  թույլ տա ոտքի հանել թատրոնը։ Ասաց՝ ինչ ուզում ենք, կարող ենք անել և իր հետ գործ չունենք»,-պատմում է Հակոբյանը։

Դավիթ Հակոբյանը չի հանձնվել, չի ընկճվել։ Համախմբելով արտիստներին՝ սկսել են վերականգնել բեմադրված ներկայացումները, հատկապես մանկական բեմադրությունները, որպեսզի փոքրիկներին մոտեցնեն թատրոնին։ Վերականգնել են Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ «Անբան հուռին» ներկայացումը, որը  խաղացել են լեփ-լեցուն դահլիճում։ Սոս Սարգսյանն այդ ժամանակ Թատերական ինստիտուտի ռեկտորն է եղել, իսկ Հրաչյա Գասպարյանը՝ պրոռեկտորը։  Նրանք ներկա չեն եղել ներկայացմանը, սակայն ոգևորվել են՝ իմանալով հաջողության մասին։ 

«Շատ դժվար էր, բայց մենք կարողացանք պահել թատրոնը, իսկ Սոս Սարգսյանը շատ ոգևորվեց, և սկսեցինք վերականգնել ներկայացումները, նոր ներկայացումներ բեմադրել, և նա դիմեց պետությանը թատրոնը պետականացնելու խնդրով։ 2003 թվականի հոկտեմբերին, երբ ես արդեն թատրոնի տնօրենն էի, Համազգայինը պետականացրին։ Թատրոնն ապրեց»,-ասում է դերասանը։ 

Դավիթ Հակոբյանն ուրախ է, որ Համազգային թատրոնը վերջապես իր սեփական տարածքը կունենա, սակայն խոստովանում է՝ սիրտը չի թրթռում, քանի որ տագնապները շատ են։  Նա կարծում է՝  Սոս Սարգսյանը շատ երջանիկ կլիներ՝ իմանալով այդ լուրը։ «Նա երեխայի պես հեքիաթով ապրող մարդ էր։ Արվեստում լինի, թե իրական կյանքում, ամենակարևորը հեքիաթն է։ Հեքիաթը հանիր մարդու միջից, նա անհետաքրքիր, անդուր բան է դառնում»,-հավաստիացնում է Հակոբյանը։ 

Վերջերս Համազգայինի բեմ է բարձրացել Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ «... Իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացումը, որը հանդիսատեսին տանում է դեպի իրական հեքիաթ։ 

Համազգային թատրոնի դերասան, Սոս Սարգսյանի ուսանող Արման Նավասարդյանի և Սոս Սարգսյանի առաջին հանդիպումը եղել է 1999 թվականին, երբ Նավասարդյանն ընդունվել է Թատերական ինստիտուտ։ Այդ հանդիպումը Նավասարդյանի համար աննկարագրելի և անմոռանալի է եղել, որից հետո, ինչպես ինքն է ասում,  խորը հետք թողած կյանք է սկսել։  

«Իմ ամբողջ կյանքում չի եղել մի օր, որ վարպետին չհիշեմ։ Մի առիթով ասել եմ և ցանկանում եմ կրկնել՝ երբ ապրում էինք նրա ներկայությամբ, նրա հետ, միասին շնչում էինք նույն օդը, թախծում էինք, զայրանում էինք ինչ-որ բաներից, ուրախանում էինք, երջանկանում, հմայվում. դա աշխատանք չէր։ Այնպես չէր, որ մեր աշխատանքը սկսվում էր ժամը իննին և ավարտվում էր ժամը վեցին։ Մեկ էլ կտեսնեիր՝ գիշերվա ժամը մեկին Սոս Սարգսյանը կզանգեր, ինչ-որ բան կասեր, կհարցներ, էլ չեմ ասում մեր շրջագայությունները, հյուրախաղերը։ Նրա հեռանալուց հետո հասկացա՝ այն ժամանակ, երբ ապրում էինք միասին, կարծես, ապրում էինք լեռան գագաթին։ Երբ լեռան գագաթին ես, գագաթի բարձրությունը չի երևում։ Դա մեզ համար մի քիչ էլ սովորական բան էր դարձել։ Հասկանում, գիտակցում էինք, թե նա ինչ մեծություն է, բայց մեզ թվում էր, թե նա հավերժ է, մեր ժամանակը հավերժ է, չէինք գիտակցում կամ չէինք ցանկանում գիտակցել, որ կգա մի ժամանակ, և մենք կորբանանք։ Ցավոք, եկավ այդ ժամանակը, և մենք մեր ողնաշարին մեծ հարված ստացանք»,-նշում է Արման Նավասարդյանը։ 

Դերասանը կարծում է՝ ինչքան տարիներն անցել են, այնքան հեռացել են լեռան  գագաթից, և երևացել է գագաթի բարձրությունը։ Նավասարդյանի համար Սոս Սարգսյանը վիթխարի մեծություն է եղել, մեծ գործիչ, մեծ մարդ, մեծ դերասան,  բեմադրիչ, մանկավարժ, պետականամետ մարդ, ժողովրդի, ազգի ցավերով ապրող մարդ։ «Նա ապրում էր ու թույլ էր տալիս, որ իր կողքին ապրեն։ Նա իր օրինակով էր մեզ սովորեցնում։ Երբեք չի եղել, որ բարկանա։ Զայրացել է, բայց չի պատահել, որ փորձի այդ կերպ սովորեցնել, դասավանդել։ Նա ասում էր՝ ինքը այսպես կաներ, կամ՝ այսպես է արել։ Նա կյանքի դասեր էր տալիս, մեծ մտավորական էր ու մտավորականի չափանիշ էր։ Դեռ չեմ տեսել մեկին, որ գերազանցի Սոս Սարգսյանին»,-շեշտում է դերասանը։

Նավասարդյանի համոզմամբ՝ Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնը վարպետի օրոք ունեցել է ազգային դիմագիծ։ Սարգսյանն արել է ամեն բան, որ այդ դիմագիծը պահպանվի։ Վարպետը դեմ չի եղել որևէ նորամուծության, նոր գաղափարի, նոր երևույթների. նա նորարար մարդ է եղել, բայց միևնույն ժամանակ պահել է ազգայինը, որը բոլորովին չի նշանակում հինը։  

«Թյուր կարծիք կա, որ ազգայինը տրեխն է, խուրջինն է, էշն է և այլն, այնինչ այդպես չէ։ Սոս Սարգսյանը հարցնում էր՝ ի՞նչ ես դու ասում բեմից, չէ՞ որ բեմում դու հասակով ավելի բարձր ես հանդիսատեսից, հարցնում էր՝ այսօր ի՞նչ լեզվով ես խոսում հանդիսատեսի հետ, այն լեզվով, որով խոսում ես հայերե՞ն է։ Ես նրա ձեռագրերի միջից գտա մի քանի տող։ Այդ տողերը երկար ժամանակ իմ սենյակում էին փակցված, սակայն հիմա տրամադրելու եմ թատրոնի շենքին։ Այդ տողերում նրա ցանկություններն ու ակնկալիքներն են թատրոնից, ուղղված կոչեր են մեզ, որ այնպես անենք, որ հպարտանա մեզնով, այնպես խաղանք, որ ցանկացած հայ հպարտանա։ Այդ խոսքերը շատ կարևոր են հատկապես, ինչպես իր «Ոտնամաններս» վիպակում Սարգսյանն ասում  է, այդ անժամանակ ժամանակներում։ Երբ կարդում ես նրա մտքերը, զարմանում ես. ասես երեկ գրած լինի, այնինչ 11 տարի է՝ նա մեզ հետ չէ։ Սարգսյանի ստեղծած Համազգային թատրոնն այդ ազգայինի, հայի ինքնաճանաչողության, ինքնության մասին է։ Այդպես պետք է լինի միշտ քանի դեռ մենք կանք։ Թատրոնը կենդանի օրգանիզմ է և կարող է այլ գեղագիտությամբ հրապուրվել, բայց հիմքում պետք է մնան ազգայինն ու բարոյականը։ Մի անգամ նրան հարցրեցինք՝ եթե 1990-ականներին դառնար երկրի ղեկավար, ի՞նչ կլիներ։ Նա պատասխանեց, որ շատ վատ արեցին, որ իրեն չընտրեցին։ Եթե իրեն ընտրեին, Հայաստանն ավելի բարոյական կլիներ»,-պատմում է Արման Նավասարդյանը։  

Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը ևս սիրով է հիշում վարպետի հետ հանդիպումը։ Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին միջանցքում պարբերաբար տեսել է Սոս Սարգսյանին, բարևել նրան: Մի օր ընկերներից մեկը, որն ինստիտուտից չի եղել, ասել է, որ ուզում է իր բանաստեղծությունը ներկայացնել վարպետին: «Դա ինձ համար Սոս Սարգսյանի հետ զրուցելու հրաշալի առիթ էր: Հանդիպեցինք հենց այն սենյակում, որտեղ այժմ աշխատում եմ: Լուսանկարվեցի Սարգսյանի հետ, և նա մի թղթի կտորի վրա գրեց. «Ղուկասին շատ մեծ հաջողություններ բեմում, կյանքում։ Թող լինի իմ օրհնությամբ»: Դա ասես պատգամ էր… Տարիներ անց եկա հենց այս թատրոն, ոչ թե այլ»,-ավելի վաղ պատմել է Ղուկաս Մադոյանը:  

Սարգսյանի 95-ամյակի առթիվ Համազգային թատրոնը տարբեր միջոցառումներ է կազմակերպել, սակայն ամենասպասված իրադարձությունը թատրոնի շենքի բացումն է լինելու։ 

«Թատրոնը երբեք չի ունեցել իր սեփական շենքը,  գործել է տարբեր հարթակներում։ Վերջին տասնամյակներում Թատերական ինստիտուտի տարածքում է գործում։ Վերջապես 33-րդ թատերաշրջանը կավատենք թատրոնի մեր շենքում։ Գարնանն այն կհյուրընկալի իր հանդիսատեսին։ Արդեն իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները։ Կլինի երկու դահլիճ. փոքր դահլիճը՝ նախատեսված 40-50 հանդիսատեսի համար, որտեղ իրականացնելու ենք մեր թատերականացված ընթերցանությունները, փորձարարական ներկայացումները և մեծ դահլիճը՝ նախատեսված 230-240 հանդիսատեսի համար։ Կլինի նաև արտ-սրճարանի հատված, հուշանվերների տաղավար, Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված»,-տեղեկացնում է Մադոյանը։  

Համազգային թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 

2003-ին թատրոնը պետական կարգավիճակ է ստացել, իսկ 2015-ին վերանվանվել է հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։  

Համազգային թատրոնի գործունեության առաքելությունն է՝ դարձնել հայկական թատրոնը միջազգային մեծ հնչեղություն ունեցող թատրոն, որը հուզում է, ոգեշնչում, թևեր տալիս բոլորին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում