Հայաստան

Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառության դեպք

2 րոպեի ընթերցում

Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառության դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն օրերս բացահայտել է շուրջ 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։

«Տեղեկություններ էին ստացվել առ այն, որ  Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ 

Հետազոտվել են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,2 մլրդ դրամի իրացման շրջանառություն։

Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, համաձայն որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 354 մլն դրամի վնաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։ Ձեռքբերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատարան` ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում