Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. էկրանի առաջ երկար անցկացնելը երեխաների մոտ կարող է զարգացնել տեսողական լուրջ խնդիրներ, նաև շլություն

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. էկրանի առաջ երկար անցկացնելը երեխաների մոտ կարող է զարգացնել տեսողական լուրջ խնդիրներ, նաև շլություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարբեր տեսակի գաջեթները բավականին հասանելի են դարձել երեխաներին, շատերը կարող են ժամեր շարունակ հեռախոսներով, պլանշետներով  մուլտեր և տարբեր հոլովակներ դիտել, ինչն, ըստ մասնագետների՝ չի կարող բացասական հետք չթողնել երեխայի զարգացման և տեսողության վրա:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում թիվ 1 ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ, ԵՊԲՀ մանկական ակնաբանության ամբիոնի դոցենտ Անի Սարգսյանի հետ զրուցել ենք երեխաների տեսողության վրա տարբեր տեսակի գաջեթների ազդեցության, հետևանքների և կանխարգելման դեմ ուղղված քայլերի:

Բժշկուհու խոսքով՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թվի աճը պայմանավորված է նաև վերջին տարիներին դիմելիության  բարձրացման, բժշկական սարքավորումների արդիականացման և տարբեր սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ:

Սակայն, ըստ նրա՝ այսօր ամենամեծ խնդիրը երեխաների՝ երկար ժամանակ էկրանների առջև նստելն է: 

«Բոլորս էլ գիտենք, որ գաջեթների օգտագործումից լիովին խուսափել հնարավոր չէ, որովհետև ինֆորմացիայի հիմնական մասը դպրոցահասակ երեխաներն արդեն ստանում են ինտերնետի միջոցով, սակայն ցանկալի է պահպանել որոշակի կանոններ, որպեսզի խուսափեն լուրջ ակնային ախտահարումներից:

Ինչ վերաբերում է ավելի փոքր տարիքի երեխաներին, ապա, երբ դեռևս զարգացած չէ խոսքը և երեխան գտնվում է ընդհանուր զարգացման փուլում՝ մինչև 6-7 տարեկան, պետք է նրան հեռու պահել ցանկացած տիպի գաջեթներից: Շատ ծնողներ, իրենց գործը թեթևացնելու համար, երեխայի կերակրումից սկսած և առհասարակ ամբողջ զբաղեցնելու պրոցեսն իրականացնում են  տարբեր գաջեթների օգնությամբ՝ առանց գիտակցելու հետևանքները: Երկար ժամանակ էկրանների առջև նստելը երեխաների մոտ կարող է տարբեր տեսողական խնդիրներ առաջացնել, ընդհուպ մինչև շլություն»,- ասաց մասնագետը:

Ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիներին տեսողական խնդիրներով երեխաների թվի աճը, տեսողական ո՞ր խնդիրներն են առավել տարածված այսօր, ու ո՞ր տարիքային խմբերում ինչ խնդիրներ են գերակշռում, ինչպե՞ս են ազդում գաջեթները երեխայի ուղեղի աշխատանքի և հատկապես տեսողության վրա, ի՞նչ հետևանքներ դրանք կարող են թողնել և կոնկրետ ի՞նչ տեսողական հիվանդություններ կարող են դրանցից զարգանալ. այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում