Դեռևս խորհրդային ժամանակներից օդի աղտոտվածության բարձր ցուցանիշով աչքի ընկած մայրաքաղաք Երևանում այսօր էլ ակտիվ քննարկումներ են ծավալվում օդի որակի առնչությամբ։ Բնապահպաններն ու հասարակ քաղաքացիները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմիններն էլ հավաստիացնում են, որ ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ օդի աղտոտման ցուցանիշի նվազեցման նպատակով:
Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է համապատասխան կողմերի հետ, արձանագրել առկա խնդիրները և համապատասխան կառույցների կողմից առաջարկվող լուծումները:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Սահակյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ երկար տարիներ իրականացված գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ Երևանի օդն աղտոտված է դեռ խորհրդային տարիներից:
«Գիտականորեն հիմնավորված թեզ է այն, որ Երևանը խորհրդային քաղաքներից առանձնացել է իր աղտոտման մակարդակով տարբեր՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, բնական և անթրոպոգեն (մարդկային գործունեության արդյունքում առաջացած) գործոններից ելնելով: Սակայն պետք է հասկանալ և տարբերակել, թե խոսքը որ աղտոտման մասին է, քանի որ Երևանը աղտոտված է բազմաթիվ աղտոտիչներով. փոշի, փոշու մեջ առկա ծանր մետաղներ, գազային աղտոտիչներ, լուսային աղտոտում, աղմուկի աղտոտում և այլն»,- նշեց մասնագետը:
Ըստ նրա՝ կենտրոնի հետազոտությունները տարիներ շարունակ հիմնականում ուղղված են եղել մակերեսների վրա նստած և օդում կախված փոշու մեջ պոտենցիալ տոքսիկ տարրերի կամ ծանր մետաղների ուսումնասիրմանը, դրանց քարտեզագրմանը, փոշու էկոլոգիական և առողջական ռիսկերի գնահատմանը:
Դինամիկ միջավայրերի մասին ստատիստիկ թվեր նշելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մենք Երևան քաղաքի տարածքում ունենք կայուն աղտոտման մակարդակ, որը կարող է տարեկան, սեզոնային և ամսական ֆուկտուացիաների ենթարկվել՝ ելնելով տարբեր բնական և անթրոպոգեն գործոններից: Եթե ընդհանրացնենք, ապա, այո, Երևանի մթնոլորտը տարիներ շարունակ աղտոտված է, և այս տարին ոչնչով չի առանձնանում, բացի նրանից, որ դրա շուրջ ավելի շատ աղմուկ է բարձրացել: Երևանի օդի աղտոտման մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել է գիտական և ոչ գիտկան հարթակներում, որին մշտապես մասնակից է եղել նաև մեր կենտրոնը»,- ասաց Լիլիթ Սահակյանը:
Ինֆորմացիոն դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար մասնագետը հորդորեց կարդալ և հասկանալ ինֆորմացիան, որը շատ կարևոր փուլեր է անցնում, որպեսզի թիվը կոչվի գիտական տվյալ. «Ցավոք այսօր մի շարք հարթակներում առկա են տարբեր գաջեթներով գեներացված տվյալներ, որոնց հուսալիությունը և օբյեկտիվ թվին վերաբերելի պարամետրերը հարցականի տակ են դրված»,- նշում է Սահակյանը:
Օդի աղտոտվածությունն այսօր բնակչության առողջության լուրջ սպառնալիքներից մեկն է: ԱՀԿ տվյալների համաձայն յուրաքանչյուր տարի շուրջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածության պատճառով։
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հիվանդությունների շուրջ 85 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններն են: Օդի աղտոտվածությունը հիմնականում ախտահարում է շնչառական համակարգի օրգանները:
«Այն բերում է բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի, տրախեիտի, թոքաբորբի, թոքի քաղցկեղի, բացի այդ՝ օդի աղտոտվածությունը նպաստում է նաև սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը, ուղեղի կաթվածին․ տվյալների համաձայն՝ ուղեղի կաթվածի դեպքերի մեկ երրորդը պայմանավորված է հենց օդի աղտոտվածությամբ: Այն նպաստում է նաև դիաբետի զարգացմանը: Այն նաև մեծ նշանակություն ունի նևրոլոգիական խանգարումների զարգացման հարցում, ինչպես նաև նպաստում է իմունային համակարգի թուլացմանը: Օդի աղտոտվածությունը հանգեցնում է նաև մեռելածնության, վիժումների և այլ պաթոլոգիական վիճակների զարգացմանը»,- նշեց մասնագետը:
Բժշկի խոսքով՝ ընդհանրապես օդի աղտոտվածությունը հիմնականում պայմանավորված է փոշով, որն իր մեջ պարունակում է կարծր շատ մանր մասնիկներ, հատկապես վտանգավոր են 2,5 միկրո մետրից փոքր տրամաչափ ունեցող մասնիկները: Դրանք թոքերով անցնում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով՝ ախտահարելով տարբեր օրգան համակարգեր:
Նա նշեց՝ օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են տրանսպորտը, արդյունաբերությունը, շինարարությունը, ջեռուցման համակարգերի արտանետումները, հանքարդյունաբերությունը, դեգրադացված հողատարածքները, ինչպես նաև աղբավայրերը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ նշեց՝ վերջին շրջանում օդի աղտոտվածության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ պայմանավորված շվեյցարական կայքում տեղ գտած ցուցանիշներով, որտեղ առանձին երկրների մակարդակով մոնիթորինգային արդյունքներ են ներկայացվում այնպիսի սարքավորումներով, որոնք չունեն բավարար ճշտություն, դրանց սխալվելու հավանականությունը կազմում է 10-ից 40 տոկոս:
«Նշեմ, որ միջազգային ստանդարտների համաձայն՝ դեռևս չկա հավաստում, որ այս սարքերի տվյալները ճշգրիտ են: Աղմուկի պատճառներից էին նաև Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնականում շինհրապարակներում տեղադրված սենսորային սարքերի արդյունքները, որոնք տեղադրված են լոկալ աղբյուրի մոտ և, բնականաբար, այն կունենա բարձր ցուցանիշներ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում իրականցվող մոնիթորինգին՝ Ազիզյանն ասաց, որ այժմ Երևանում և տարբեր մարզերում ընդհանուր առմամբ գործում է 15 անշարժ դիտակայան և 214 ոչ ստացիոնար դիտակետ: Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայանում կատարվում են փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի դիտարկումներ ամենօրյա ռեժիմով, իսկ ոչ ստացիոնար 45 դիտակետում՝ ծծմբի և ազոտի երկօքսիդի շաբաթական դիտարկումներ:
«Երևան քաղաքի մթնոլորտային օդում դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 20-ը առանձին դիտակետերում, օրինակ, փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիրում գերազանցել է դեկտեմբերի 4-ին, 5-ին, 7-ին 10-ին, 16-ին, 17-ին, 24-ին, 25-ին, 29-ին՝ 1,1-ից 2,1 անգամ, կենտրոն վարչական շրջանում դեկտեմբեր ամսվա բոլոր օրերին գերազանցել է 1,2-ից 5,1 անգամ, իսկ հունվարի 3-ից 21-ը ընկած հատվածում գերազանցումները եղել են 1,2-ից 2 անգամ: Ընդ որում, ես ուզում են նշել, որ վերջին օրերին նկատվում է չտարբերակված փոշու կոնցենտրացիայի զգալի նվազում: Իսկ մյուս աղտոտիչների՝ ծծմբի և ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի քանակությունները մթնոլորտային օդում չեն գերազանցել համապատասխան թույլատրելի սահմանը»,- ասաց Ազիզյանը:
Ըստ կենտրոնի տնօրենի՝ մի շարք գործոններից բացի մեծ նշանակություն ունի մայրաքաղաքի կլիմայական դիրքը։ Երևանը, լինելով մերձարևադարձային կլիմայական գոտում, բնական վիճակից արդեն իսկ փոքր-ինչ փոշոտ է՝ համեմատած այլ եվրոպական քաղաքների հետ։ Դրան նպաստում են հատկապես ձմեռային ամիսներին ինվերսիոն գործընթացները։ Երբ սառը և տաք օդերի շփման հատվածում խոնավության խտացում է տեղի ունենում, այն ամպամածության կամ մառախուղի տեսքով է արտահայտվում, որը թույլ չի տալիս, որպեսզի օդում առկա փոշին կամ այլ աղտոտիչները կարողանան տվյալ տարածքից հեռանալ։
«Ինվերսիոն երևույթների ժամանակ քամիները բացակայում են, ինչը նպաստում է երկրորդային աղտոտմանը, քանի որ արտանետումները նույն տեմպով շարունակվում են, բայց օդը չի շարժվում, դրա հետևանքով օդում թույլատրելի կոնցենտրացիան ավելանում է:
Մենք վերջին ամենաուժեղ ինվերսիոն երևույթը ունեցել ենք 2016 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2017 թվականի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում գրանցվել են օդի աղտոտման գերազանցումներ նույնիսկ 10 անգամ:
Եթե համեմատենք վերջին երեք-չորս տարիները, ապա ամառվա ամիսներին մենք ունենք փոշու քանակության նվազում, իսկ ձմեռային ամիսներին, մասնավորապես այս տարի՝ փոշու կոնցենտրացիան մի փոքր գերազանցել է, այն նաև պայմանավորված է ինվերսիոն երևույթով, որն այս տարի ավելի ուժեղ էր, քան նախորդ երկու տարիներն»,-ընդգծեց Ազիզյանը:
Նա նշեց՝ Շրջակա միջավայրի նախարարությունը երկու նոր սարք է ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան օնլայն ռեժիմով ստանալ տվյալներ օդի աղտոտվածության մասին և ավելի արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանն էլ վստահեցրեց՝ մթնոլորտային պահպանության հիմնախնդիրները Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության առաջնային ուղղություններից են:
«Շրջակա միջավայրի նախարարությունը իր իրավասության շրջանակներում օրենսդրություն է մշակում և դրանով կանոնակարգում է այն ամբողջ պրոցեսը, որ պետք է բերի արտանետումների նվազեցման, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ է սահմանել դրանց չկատարման դեպքում:
«Ես բնակչությանը և բոլոր տնտեսվարողներին կոչ եմ անում նախ պատասխանատու վերաբերմունք ունենալ երկրի նկատմամբ և պահել այն բնապահպանական նորմերը, օրենսդրությամբ սահմանված այն պահանջները, որոնք պետք է բերեն մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, քանի որ շատ դեպքերում այս նորմերի գերազանցումն է բերում օդի որակի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը»,- նշեց Փանոյանը:
Վարչության պետն ընդգծեց՝ նախարարության նախաձեռնությամբ ավտոմեքենաների տեխզննման կայաններում ավելացել է ստուգումների քանակը, որպեսզի բացի CO գազից, նաև այլ ստուգումներ իրականացվեն՝ ավտոմեքենաներցի աղտոտիչների արտանետումները նվազագույնի հասցնելու նպատակով:
«Միևնույն ժամանակ, շինարարության բնագավառում օրենսդրությունը սահմանում է հստակ նորմեր, պահանջներ, որ տնտեսվարողներն իրականացնեն, այդ թվում՝ շինհրապարակները պարբերաբար ջրելը, ցանկապատելը, սորուն նյութերի փակ տեղափոխելը և այլն: Այսինքն՝ գոյություն ունեն օրենսդրության մի շարք պահանջներ հենց այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք զբաղվում են գործունեության այն տեսակներով, որոնք համարվում են պոտենցիալ արտանետումների աղբյուր:
Նախարարությունը նորից օրենսդրական դաշտը վերլուծում է, վերանայում է հնարավոր բացերը, լծակները, բայց եթե մենք պահենք այն պահանջները, որոնք սահմանված են օրենսդրությամբ, գուցե, չենք ունենա այս մակարդակի արդյունք»,-եզրափակեց Արփինե Փանոյանը:
Երևանի քաղաքապետարանից էլ նշեցին՝ այժմ մշակվում է օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր, որը մինչև 2025 թվականի մարտ ամիսը պետք է պատրաստ լինի և համաձայնեցվի լիազոր մարմինների հետ:
«Այն ներառելու է հստակ ցուցանիշներ կանաչ և ջրային տարածքների ավելացման, աղտոտման առանձին տեսակներից արտանետումների նվազեցման մասով: Երբ այս չորս տարիների ընթացքում սկսեն այդ ծրագրերը իրականացնել, վստահաբար դա բերելու է ընդհանուր աղտոտվածության նվազեցման»,- ընդգծեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը: