Տնտեսություն

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

5 րոպեի ընթերցում

Հայաստանում բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա եկամուտները: Պետությունը նախատեսում է հայտարարագրման շեմ սահմանել, որից ցածր անձնական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը մոտ 300 հազար դրամի մասին է:   

 

«Արմենպրես»-ի փոդքաստի տաղավարում համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերին է պատասխանել Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը: 

«Հայտարարագրման ենթակա եկամուտների մասին խոսելիս՝ չէի ցանկանա առանձնացնել միայն բանկային փոխանցումները կամ այլ եղանակներով փոխանցումների ստացումը: Հայտարարագրման ենթակա են անձանց կողմից ստացված բոլոր տեսակի եկամուտները, այդ թվում՝ կանխիկ եղանակով ստացված եկամուտները: Բազմաթիվ գործարքներ կարող են վճարվել նաև կանխիկ եղանակով, օրինակ՝ անձը մեկ այլ անձի համար ծառայություններ է մատուցում և կանխիկ է վճարումը ստանում»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ խոսքը ֆիզիկականց անձանց մասին է: 

Նախատեսվում է սահմանել որոշակի շեմ. մինչև այդ շեմը գործարքները, փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի: Շեմ սահմանելու վերաբերյալ քննարկումներն արդեն ավարտական փուլում են: 

«Մոտ 300 հազար դրամ չափի մասին է խոսքը, երբ մեկ գործարքի դիմաց վճարումը չի գերազանցում 300 հազար դրամը»,-ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ վերջնական որոշումը կլինի առաջիկա օրերին: 

Սակայն Ալեքսանյանը հավելեց՝ նախ պետք է հասկանալ, թե փոխանցումն ինչ փոխանցում է: Կան եկամուտներ, որոնց դեպքում առաջանում են հարկային պարտավորություններ, պարզ ասած՝ հարկվում են, կան եկամուտներ, որոնք հարկման ենթակա չեն: Շեմը վերաբերում է որոշակի տեսակի եկամուտների, որոնցից հարկեր չեն առաջանալու: Սակայն դա չի նշանակում, թե բոլոր եկամուտները մինչև այդ շեմը ենթակա չեն հայտարարագրման: Եթե անձը ստացել է, օրինակ 50 հազար դրամ աշխատավարձ, ապա այն պարտադիր ենթակա է հայտարարագրման:

Հայտարարագրված եկամուտը կհարկվի, թե ոչ, կախված է փոխանցման նպատակից և տեսակից: Օրինակ՝ նվիրատվությունները կամ պարտքով տրամադրված գումարը համարվում են նվազեցվող փոխանցում, դրանք պետք է հայտարարագրվեն, սակայն դրանցից հարկային պարտավորություններ չեն առաջանա: Իսկ, օրինակ, վարձակալության գործարքից ստացված գումարը կամ ֆիզիկական անձի համար որոշակի աշխատանքի դիմաց վարձատրությունը ենթակա է հարկման:

«Եթե ստացվել է եկամուտ, որի դիմաց որևէ պարտավորություն չկա, դա ենթակա չէ հրակման։ Օրինակ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ արտերկրից իրենց բարեկամներից ստանում են նվիրատվություններ: Ակնհայտ է, որ այդտեղ չկա կատարված աշխատանք և դրա դիմաց վարձատրություն: Դա հարկվող եկամուտ չէ»,–ասաց Ալեքսանյանը:

Եթե արտերկրից տրանսֆերտը նվիրատվություն  է՝ անկախ չափից, ենթակա չէ հարկման: 

Եթե քաղաքացին մեկ այլ ֆիզիկական անձի վաճառում է բնակարան կամ մեկ այլ անշարժ գույք, դրանից ստացված գումարը ևս ազատված է հարկումից:  

Ինչ վերաբերում է տարվա ընթացքում ստացված վարկերին, ապա դրանք ևս համարվում են եկամուտ, դրանք ենթակա են հայտարարագրման, սակայն հարկման ենթակա չեն: 

Անդրադառնալով հարցին՝ եթե վարկի շեմը չի գերազանցում 300 հազար դրամը, դա ևս ենթակա՞ չէ հարկման՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Առաջիկա օրերին ավելի հստակ կներկայացնենք: Մի քանի եկամտի տեսակի մասով այդ հարցերը քննարկվում են»: 

Ըստ պաշտոնյայի՝ համակարգը ներդնելիս որևէ փոփոխություն չի կատարվել այն առումով, որ, եթե X, Y եկամուտներն ազատված էին հարկումից, համակարգի ներդրումից հետո էլ շարունակելու են չհարկվել: Համակարգը պարզապես հաշվետվական ընթացակարգերի փոփոխություն է ենթադրում: «Հարկային առումով որևիցե փոփոխություն չենք արել՝ կլինի դրույքաչափ, կամ եկամտի տեսակ և այլն»,-նշեց նա:

Թե ի՞նչ կարգավորումներ են գործելու ավանդների դեպքում, հայտարարագրման գործընթացում քաղաքացիների համար որոշակի պարզեցումներ հնարավո՞ր են, թե՞ ոչ, ո՞րն է համակարգի հիմնական նպատակը, ինչո՞ւ քաղաքացիները պետք է հայտարարագրեն եկամուտները, ի՞նչ առավելություններ կարող են ստանալ և չհայտարարագրելու դեպքում ի՞նչ հետևանքներ են սպասվում, կարող եք լսել և դիտել պոդքաստում: 

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում