ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու «Ֆլեշ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է «Ֆլեշ» ընկերության հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ, «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի գործընկեր Մերի Գրիգորյանը նշեց՝ «Ֆլեշ»-ը վառելիք ներմուծող առաջատար ընկերություն է և տարիների ընթացքում ստեղծել է մրցունակ բրենդ և վստահելի գործընկերային հարաբերություններ:
««Ֆլեշ» ընկերությունը հայտնի է իր նորարարական լուծումներով և հաճախորդամետ մոտեցմամբ: Ընկերության հաջողության պատմությունը կարևոր օրինակ կդառնա ուսանողների, մարքեթինգի մասնագետների և բիզնես համայնքի համար՝ ցույց տալով, թե ինչպես է հնարավոր հայաստանյան շուկայում զարգացնել մրցունակ բրենդ »,- ասաց Մերի Գրիգորյանը:
«Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը պատմեց, որ ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին և զբաղվել է վառելիքի մեծածախ և մանրածախ վաճառքով:
«Սակայն, արդեն մեկ տարի է՝ մենք ոլորտի ուղղություն ենք փոխել. այժմ ընկերությունը դիրքավորվել է որպես ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություններ մատուցող ընկերություն:
Այսուհետ, բացի ավանդական վառելիքից, սպառողները մեր ենթակառուցվածքներում կարող են օգտվել նաև խանութներից և արագ սնվելու հնարավորությունից: Ինչպես նաև, այս տարի շատ կետերում կլինեն էլեկտրական գերարագ լիցքավորիչներ»,- ասաց Բեգլարյանը:
Նա ընդգծեց՝ շատ են կարևորում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ, «AWE Consulting» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում հնարավորություն կունենան ներկայացնելու ընկերության 30 տարվա անցած ուղին:
«Կարևոր ենք համարում, որպեսզի մեր պատմության մեջ նշվեն նաև այն անհաջողությունները, որոնք հետագայում վերածվել են հաջողության: Կրթությունը կարևոր բաղադրիչ է, կարծում եմ՝ դա է վաղվա գրավականը: Հայաստանում ստեղծված քիչ ընկերություններ կան, որոնք այսքան տարիների պատմություն ունեն: Մեր անցած ճանապարհի ընթացքում հավաքել ենք մի շարք ուսուցողական նյութեր, որոնք ցանկանում ենք տրամադրել մեր գալիք սերունդին»,- նշեց Սանասար Բեգլարյանը:
«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է: Այն իրականանում է աշխարհի 50-ից ավելի երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնում տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերեն և անգլերեն: