Մշակույթ

Հայկական անիմացիոն ինդուստրիան փոքր է, բայց մեծ պոտենցիալ ունի. VR մասնագետը հյուրընկալվել է «ՌեԱ» փառատոնին

6 րոպեի ընթերցում

Հայկական անիմացիոն ինդուստրիան փոքր է, բայց մեծ պոտենցիալ ունի. VR մասնագետը հյուրընկալվել է «ՌեԱ» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի VR արվեստագետ, ռեժիսոր և խաղերի դիզայներ Դեն Ֆրենկը, որը «ՌեԱ» փառատոնի շրջանակում այցելել է Երևան, վստահեցնում է՝ VR (Virtual Reality) տեխնոլոգիաները նոր խոսք են ասել անիմացիոն արվեստում, հնարավորություն տվել ավելի արագ և արդյունավետ հասնել ցանկացած արդյունքին։

«Արմենպրես»-ի թղթակիցը մասնագետի հետ զրուցել է VR-ի առանձնահատկությունների, դրա դրական և բացասական կողմերի և այլ հարցերի շուրջ։

-Տեխնոլոգիաներն առհասարակ, մասնավորապես VR-ը կարծես դարձել են ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասը։ Ի՞նչ փոխեց VR-ը անիմացիոն աշխարհում, ի՞նչ հեռանկարներ այն բացեց։

-Փորձում եմ փոխել անիմացիոն ինդուստրիան՝ կիրառելով VR-ը և դրա գործիքներից մեկը՝ Quill-ը, ինչը շարունակական գործընթաց է և փոխել է նաև իմ կյանքն ու կարիերան։  Երբ պետք է անիմացիա ստեղծեմ, գտնեմ ճիշտ հերոսներին, ինձ օգնության է հասնում Quill-ը, որն այդ ամենն անելու ամենաարագ ու արդյունավետ տարբերակն է։ Բոլոր ստուդիաներին, ոլորտի մասնագետներին խորհուրդ եմ տալիս օգտվել այդ գործիքից, քանի որ այն փոխում է աշխատելաոճը։ Quill-ին վերաբերող դասընթացներ եմ անցկացնում, սովորեցնում այն ճիշտ կիրառել։ Իհարկե, ոլորտում արդեն կան արհեստական բանականությունը, VR-ը և Quill-ը, և ես մտածում եմ՝ ինչո՞ւ չհամադրել այդ բոլոր գործիքները։ Դա կարող է հեղափոխական երևույթ լինել։ 

-Այն, ինչ տեսա «ՌեԱ» փառատոնին, տպավորիչ է։ Այստեղ VR-ի նկատմամբ հետաքրքրություն կա, ակտիվություն։ Գուցե հայկական անիմացիոն ինդուստրիան փոքր է, ստուդիաները քիչ են, սակայն մեծ պոտենցիալ կա։ Երիտասարդ անիմատորներն օգտագործում են VR-ը, և ես հավատում եմ, որ դրա շնորհիվ մեծ ցատկ կարող է կատարել ոչ միայն Եվրոպան, այլև Հայաստանը։ Դա տեխնիկական պատասխան կլինի այն ամենին, ինչն այժմ տեղի է ունենում ԱՄՆ-ի ինդուստրիայում։ 

-2020-ին համահիմնադրել եք վիրտուալ անիմացիայի առաջին ստուդիաներից մեկը՝ Studio Syro-ն, որտեղ նկարել եք Tales from Soda Island-ը՝ աշխարհում առաջին VR անիմացիոն սերիալը։ Սերիալը, որը շատ երաժշտական է, առաջ է քաշում անհատի խնդիրը, մարդու՝ իր նմանին գտնելու հարցը։ VR-ով աշխատելիս կա՞ն հատուկ թեմաներ, որոնք ձգտում եք շեշտադրել, թե՞ համամարդկային հարցերը նաև այդ պարագայում են մշտապես արդիական։

-Տարիներ առաջ աշխատում էի երեխաների համար նախատեսված հեռուստատեսային սերիալների ստեղծման շուրջ, 3D անիմացիաներ էինք ստեղծում. ես համառեժիսոր էի։ Այդ ընթացքում ծանոթացա դաշտին, հասկացա, թե ինչն է հետաքրքիր, առաջնային և այլն։ Հենց դա ինձ մղեց այն մտքին, թե ինչ այլ բան է հնարավոր անել, ինչ այլ եղանակով է հնարավոր անիմացիա ստեղծել, այլ գործիքներ կիրառել և ոչ թե հետ գնալ, այլ առաջ՝ պատմելով սեփական պատմությունները։ Հետո սկսեցի աշխատել VR-ով։ Չեմ կարող ասել, որ կա թեմա, որն առավել կարևոր է։ VR-ը շատ մեծ հնարավորություններ է բացում, և կարող ես անել այն, ինչ ցանկանում ես, պատմել ցանկացած պատմություն։ Երբ դնում ես VR ակնոցը և մոտ քսան րոպե  «թակարդված» ես մնում, այլ կերպ ես տեսնում պատմությունը, ավելի լավ ես այն զգում։  Ցանկացա հենց այդ եղանակով պատմել իմ պատմությունները։ 

-VR-ը մեզ թույլ է տալիս ոչ միայն դիտել պատկերը, այլև «հայտնվել» վիրտուալ իրականությունում, զգալ այն, դառնալ ներկայացվող պատմության մի մասը։ Մտավախություն չկա՞, որ VR-ը կարող է նպաստել մարդու մեկուսացմանը, կտրել նրան իրականությունից։

-Հետաքրքիր հարց է։ Իրականում նման մտավախություն կա, քանի որ հերոսների միջոցով տպավորություն է ստեղծվում, թե դու ես նրանց փորձառությունը ձեռք բերում, սակայն  կա նաև մեկ այլ տարբերակ, երբ մի քանի հոգի միանգամից են դիտում  նյութը։ Դա շատ հետաքրքիր է։ Պատահում է՝ մարդիկ VR-ի միջոցով գոլֆ են խաղում։  Այն մարդկանց միմյանց հետ առավել կապելու հնարավորություն ևս ընձեռում է։

-Թե՛ տարբեր կրթական հաստատություններում, թե՛ սոցիալական հարթակներում և թե՛ «ՌեԱ» փառատոնին Դուք ներկայացնում եք  VR-ի առավելությունները, ոգեշնչում կիրառել այն։ Ի՞նչ եք խորհուրդ տալիս նրանց, ովքեր նոր են սկսում զբաղվել VR-ով։

-Ինչպես արդեն ասացի՝ VR-ը հրաշալի տեխնոլոգիա է, և այն փոխել է իմ կյանքը։ Ըստ իս՝ անհրաժեշտ է գտնել համախոհների, թիմակիցների։ Պարտադիր չէ, որ նրանք լինեն VR կամ Quill  համայնքներից, նրանք կարող են լինել աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ, որոնց հետ հնարավոր կլինի համագործակցել, աշխատել նախագծերի շուրջ և գաղափարակից լինել։ Ունեմ աշակերտներ, որոնք ստուդիաներ են բացում և փորձում են համատեղել և՛ ստեղծագործական մասը, և՛ բիզնես հատվածը։

-Շնորհակալ եմ, պարոն Ֆրենկ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում։

-Ես եմ շնորհակալ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարիչ՝ Տաթև Դուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում