ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել` ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսին մեղադրելով անգործության մեջ, երբ 120 հազար հայ քրիստոնյա սարսափելի հալածանքների և բռնի տեղահանության ենթարկվեց Լեռնային Ղարաբաղում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը նշել է Truth Social սոցիալական ցանցում կատարված գրառման մեջ։
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի հալածանքների և բռնի տեղահանության ենթարկվեց Արցախում: Աշխարհի քրիստոնյաներն ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահը», - իր գրառման մեջ նշել է Թրամփը՝ հավաստիացնելով, որ իր նախագահ ընտրվելու դեպքում կպաշտպանի հալածված քրիստոնյաներին։
Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը։
«Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - գրել է նա։