Երևանում կալանավորվել է Իրանի քաղաքացի՝ թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով Երևանում կալանավորվել է Իրանի քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ ներկայացնելով մանրամասներ: 

«2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ զիպ փաթեթ, 8 շղթա փոքր մագնիս, 19 փաթեթ շագանակագույն բուսական զանգվածների պարունակությամբ և 20 փաթեթ բուսական զանգված: 

Նախնական տվյալներով, ըստ քաղաքացու բանավոր հայտարարության, վերջինս շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը  ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից:

Նկատի ունենալով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել հիշյալ անձին ձերբակալելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն:

 «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նախնական եզրակացության համաձայն՝ ձերբակալվածի մոտից հայտնաբերված ու փորձաքննությանը ներկայացված փաթեթներից հանված զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին