Հայաստան

Հայտնի է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հաղթողը

4 րոպեի ընթերցում

Հայտնի է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Ապարան քաղաքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի արդյունքները ներկայացվեցին ու ամփոփվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած եզրափակիչ նիստում, որը վարում էր մրցութային հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

«Տարեցտարի ավելի է լավանում երիտասարդական մայրաքաղաքի և միջոցառումների որակը։ Այսինքն, ով էլ շահի մրցույթում, մեր ակնկալիքն է, որ կպահպանի և կզարգացնի սահմանված բարձր նշաձողը»,- հույս հայտնեց փոխնախարարը։ 

ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։ 

Ինչպես նշվեց նիստի ընթացքում՝ ավելի վաղ իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելություններ հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման՝ դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը: 

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցույթի արդյունքներն ամփոփում և հաստատում է մրցութային հանձնաժողովը՝ փորձագիտական գնահատման երկու բաղադրիչների (համայնքի կարողությունների և քաղաքների՝ հայտով ներկայացրած ծրագրի փորձագիտական գնահատում) և SMS քվեարկության արդյունքների համադրությամբ։

Փորձագիտական խմբի գնահատման և SMS քվեարկության համադրությամբ մրցույթում առավելագույն՝ 33,31 միավորը հավաքել է Ապարան համայնքը, որը 2025 թվականին կհռչակվի Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք:  

Հատկանշական է, որ փորձագիտական խումբը բարձր միավորներով նախապատվություն էր տվել Նոյեմբերյանի հայտին, սակայն SMS քվեարկության 18 հազար 21 մասնակիցներից 10 հազար 440-ը քվեարկել է Ապարանի օգտին՝ որպես ՀՀ 2025-ի երիտասարդական մայրաքաղաք։

Մրցույթին հայտ ներկայացրած մյուս քաղաքներից՝ Աբովյան հավաքել է հանրագումարային 14,8 միավոր, Ալավերդին՝ 12,57, Մարտունին՝ 19,76, իսկ Նոյեմբերյանը՝ 19,30։

Ամենամյա այս մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքները և ծրագրերի ծավալների ընդլայնման գործընթացը և այլն։

Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել՝ համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված, այնուհետ՝ Կապանը (2021), Հրազդանը` 2022-ին, Մեծամորը՝ 2023 թվականին, իսկ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Գավառն է։

Մրցույթի արդյունքներով երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը դիտարկվում է որպես երիտասարդական, մշակութային, սպորտային միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման առաջնահերթ վայր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում