ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 15, 16 և 17-ին Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատարները, երգչախումբն ու նվագախումբը Մարիինյան թատրոնում ներկայացնում են Վերդիի գլուխգործոց «Լուիզա Միլլեր» օպերան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուիզա Միլլեր» օպերան 150 տարվա ընդմիջումից հետո Մեծ թատրոնի բեմ է բարձրացել 2023 թվականի մայիսի 23-ին: Բեմադրող-ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը, իսկ բեմադրող-դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Լուիզա Միլլերի դերակատարը հայազգի մենակատար, սոպրանո Աննա Ագլատովան է, որը նույնպես ընդգրկված է հյուրախաղերում։
«Լուիզա Միլլեր» օպերայի առաջնախաղը մեծ արձագանքի է արժանացել երաժշտաքննադատների կողմեց։ «Կոմերսանտ»-ում գրված է. «Բոլոր առումներով արդարացված էր Գեորգի Իսահակյանի ժամանակակից ռեժիսուրայով իրականացրած բեմադրությունը… Շուրջ մեկ ամիս առաջ Պուչինիի «Տոսկան» ղեկավարելով՝ մաեստրո Թոփչյանն արժանացել էր մասնագետների և երաժշտասերների հարգանքին ու բարձր գնահատականին։ «Լուիզա Միլլեր»-ի դեպքում, միանշանակ, պետք է շեշտենք մաեստրոյի ընթերցմամբ ու ղեկավարությամբ նվագախմբի շքեղ հնչողության, առանձին խմբերի եւ tutti-ների ներդաշնակ ու միասնական հնչողության մասին, իսկ նվագախմբի փողային գործիքների մենակատարներն արժանի են առանձնահատուկ գնահատանքի և շնորհակալության»։
«Գազետա կուլտուրա»-ում նշվում է, որ ակնհայտ է դիրիժորի կատարած հիմնավոր աշխատանքը, որն էլ հանգեցրեց շատ բարձրորակ երաժշտական արդյունքի: «Այս առումով պրեմիերային աշխատանքը, իհարկե, անթերի էր և արժանի էր Մեծ թատրոնի բեմին։ Դիրիժորին հաջողվեց ներկայացնել մոսկովյան հանդիսատեսի համար, կարելի է ասել, այս նոր օպերան իր ողջ հմայքով` ընդգծելով նրա ռոմանտիկ պաթոսը և միևնույն ժամանակ նուրբ քնարականությունն ու կերպարների խորը հոգեբանությունը: Նվագախումբը հիասքանչ էր հնչում հանրահայտ նախերգանքի հենց առաջին նոտաներից (որը, ի տարբերություն բուն օպերայի, հայտնի է որպես համերգային ստեղծագործություն), հոգեթով մենանվագները և նյուանսների նրբերանգներն ընդգծեցին կուլմինացիայի դրամատիզմը»,-ասվում է «Գազետա կուլտուրա»,-ում հրապարակված հոդվածում։
Էդուարդ Թոփչյանն առաջին անգամ հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում 2023թ-ի ապրիլի 12-ին՝ ղեկավարելով Պուչինիի «Տոսկա» օպերան: Իր դեբյուտից հետո Թոփչյանը պարբերաբար վերադառնում է Մեծ թատրոն՝ ղեկավարելով Պուչինիի «Տոսկա», Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» և «Լուիզա Միլլեր» օպերաները: