ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում դպրոցականների մասնակցությամբ կայացել է շաբաթօրյակ՝ «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի քաղաքային այգում և Սայաթ-Նովա պուրակում տեղի է ունեցել շաբաթօրյակ, որը նախորդներից տարբերվում էր իր ձևաչափով:
Նախաձեռնությունն իրականացվել է «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի բաղադրիչներից մեկն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կողմից:
Միջոցառումը մեկնարկել է Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքից, որտեղ տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրել է թափոնների ճիշտ տեսակավորման վերաբերյալ տեսական նյութ: Մասնակիցներին բաժանվել են ձեռնոցներ, պարկեր, և մեկնարկել է աղբի տեսակավորման գործնական փուլը:
Շաբաթօրյակին մասնակցել են շուրջ 70 երեխա, որոնք ներկայացնում էին արտադպրոցական տարբեր հաստատություններ, և մեծահասակներ։
«Քիչ անց թուղթը, պլաստիկը, ապակին, տարբեր մետաղներ, ինչպես նաև խառը աղբը հայտնվեցին համապատասխան պարկերի մեջ:
Որպես ամփոփում՝ փորձագետ Էմիլ Մկրտչյանը ներկայացրեց կատարված աշխատանքի արդյունքները: «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում ներդրվող կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը Սևանում ձևավորելու է նոր մշակույթ, իսկ մինչ այդ երեխաներն ու մեծահասակները սովորում են թափոնները ճիշտ տեսակավորելու նրբությունները, որպեսզի հետո իրենց ստացած կարողությունները փոխանցեն մյուսներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Խոսրով Խլղաթյան