Աշխարհ

Ֆրանսիան արգելել է Իսրայելի ընկերություններին մասնակցել Euronaval ցուցահանդեսին. POLITICO

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան արգելել է Իսրայելի ընկերություններին մասնակցել Euronaval ցուցահանդեսին. POLITICO

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել Եվրոպայի խոշորագույն Euronaval ռազմածովային տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին, որը նոյեմբերի 4-ից 7-ը կանցկացվի Փարիզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։

Նշվում է, որ իսրայելական ընկերությունների ներկայացուցիչները, միևնույն է, կկարողանան այցելել միջոցառմանը, սակայն նրանց արգելված է ռազմական տեխնիկա ներկայացնել ցուցահանդեսային տաղավարներում։ Իսրայելից ցուցահանդեսին պետք է մասնակցեր յոթ ընկերություն, այդ թվում՝ պաշտպանական հսկաներ Rafael-ը, Elbeit Systems-ը և Israel Aerospace Industries-ը:

Այս մասին առաջինը հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ի թղթակից Լոուրենս Նորմանը՝ նշելով, որ Իսրայելին մերժելու որոշումը «գալիս է Ելիսեյան պալատից», այսինքն՝ Ֆրանսիայի վարչակազմից։

POLITICO-ն հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հարաբերությունները սրվել են Գազայի հատվածում և Լիբանանում Իսրայելի գրոհների ընդլայնման ֆոնին։

Ավելի վաղ Ֆրանսիան արդեն արգելել էր Իսրայելին մասնակցել պաշտպանական խոշոր ցուցահանդեսի: Հունիսին Իսրայելին թույլ չէին տվել մասնակցել Փարիզում անցկացվող ցամաքային սպառազինությունների և ռազմական տեխնիկայի Eurosatory ցուցահանդեսին։ Ավելի ուշ դատարանը բեկանել էր այդ որոշումը, սակայն Իսրայելի մասնակիցները չէին հասցրել ներկա գտնվել միջոցառմանը։

Վերջին օրերին Մակրոնը երկրներին քանիցս կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքերի մատակարարումները, եթե այդ զենքերն օգտագործվում են Գազայում և Լիբանանում։ Իսկ հոկտեմբերի 15-ին, ըստ POLITICO-ի, Մակրոնը փակ դռների հետևում հայտարարել է, որ Նեթանյահուն չպետք է «անտեսի ՄԱԿ-ի որոշումները», որովհետև նրա «երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշման արդյունքում»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում