Տնտեսություն

Հայկական գինիները ներկայացվել են Լոնդոնում և Մանչեսթերում

3 րոպեի ընթերցում

Հայկական գինիները ներկայացվել են Լոնդոնում և Մանչեսթերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարևորելով հայկական գինու բրենդի առաջխաղացումը միջազգային շուկաներում՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բրիտանական IWSC (International Wine and Spirit Competition) միջազգային մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցության շրջանակներում և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպել է հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ 

Հայկական գինիների հանրահռչակման արշավը մեկնարկել է  Մանչեսթեր քաղաքից։  ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական գինիների նկատմամբ դրսևորած հետաքրքրության համար։

Գինու հանրաճանաչ վարպետ Քերոլայն Գիլբիի մատուցմամբ հայկական 30 գինեգործական ընկերության ավելի քան 68 անուն գինիները հոկտեմբերի 7-ին ներկայացվել են Մանչեսթերի սոմելիեների ակումբում՝ Հյուսիսային Սոմելիեների ակումբի հետ համագործակցության շրջանակներում։

Մանչեսթերում խոսվել է ինչպես հայկական գինեգործական շրջանների, գինու ոճի ու առանձնահատկությունների, խաղողի սորտերի, այնպես էլ հայկական մշակույթի ու պատմության մասին։

Լոնդոնում բրիտանացի գինու գնորդներն ու լրագրողները հոկտեմբերի 9-ին համտեսել են հայկական 30 գինեգործական ընկերության ավելի քան 68 անուն գինի ու ծանոթացել վերածնունդ ապրող գինեգործական երկրի պատմությանը։

Լոնդոնում միջոցառմանը մասնակցել է նաև ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառման կազմակերպումը՝ հայկական գինիները բրիտանացի հասարակության համար հանրայնացնելու տեսանկյունից։ Դեսպանը նշել է, որ Հայաստանում լայն թափ է առնում գինեգործությունը, որը հազարամյակների պատմություն ունի՝ գրավելով նորանոր շուկաներ։ Ներսեսյանը հույս է հայտնել, որ նման միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի զարկ տալ հայկական գինիների արտահանմանը Միացյալ Թագավորություն։ 

Համտեսներից բացի անցկացվել են նաև կլոր սեղան-քննարկումներ՝ հայկական գինիների ներուժի և հեռանկարների վերաբերյալ, ինչը բացառիկ հնարավորություն է բրիտանական շուկայում հայկական գինիների շուկայահանման, գնագոյացման, շուկայավարման, գինիների վերաբերյալ խորհուրդներ ստանալու ու նոր կապեր ստեղծելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում