Մշակույթ

Բուխարեստում Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

3 րոպեի ընթերցում

Բուխարեստում Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը հոկտեմբերի 10-13-ը լցվեց մեծ կինոռեժիսոր, սցենարիստ և կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովի արվեստի գույներով: Ռումինիայի հայոց միությունը և Հայկական մշակութային կենտրոնը կազմակերպեցին կինոդիտումներ, քննարկումներ և ցուցահանդեսներ՝ նվիրված կինոռեժիսորի ծննդյան հարյուրամյակին, որոնք տեղի ունեցան Հայկական մշակութային կենտրոնում, Բուխարեստի Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC) և «Ապոլլո 111» թատրոնում: 

Կինոդիտումների ծրագիրը մեկնարկեց Փարաջանովի «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմով՝ պոեզիայի, երաժշտության և պատմության հուզիչ խառնուրդով: Ներկայացվեցին նաև «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը, «Նռան գույնը», «Սուրամի բերդի լեգենդը» և «Աշիկ Քերիբ» կինոնկարները՝ ընդգծելով Փարաջանովի կինեմատոգրաֆիական նորարարությունները: 

Ռումինահայ համայնքը հյուրընկալել էր կինոգետ, կինոքննադատ Արծվի Բախչինյանին, որը խոսեց Փարաջանովի կինեմատոգրաֆիական ժառանգության մասին: «Հայկական հողի գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի դիտումներից հետո տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում Արծվի Բախչինյանի, Արմինե Ոսկանյանի, Վիկտոր Մորոզովի և Շտեֆանա Սամֆիրայի մասնակցությամբ, որոնք վերլուծեցին ռեժիսորի արվեստն ու նրա ազդեցությունը կինոարվեստի վրա: 

Հայկական մշակութային կենտրոնում այցելուներին հնարավորություն տրվեց ստեղծել իրենց կոլաժները՝ ոգեշնչված Փարաջանովի գեղարվեստական մոտեցումներով: Bucharest Collage Collective-ի աջակցությամբ բացվեց նաև հատուկ ցուցահանդես, որում ներկայացվեցին Փարաջանովյան ոճով ստեղծված յուրօրինակ կոլաժներ: 

Փարաջանովյան օրերի ընթացքում տեղի ունեցավ նաև Արմինե Ոսկանյանի «Ծեսը՝ որպես պատմողական գեղագիտություն Սերգեյ Փարաջանովի կինեմատոգրաֆիայում» ռումիներեն գրքի շնորհանդեսը («Ritualul ca Estetică Narativă în cinematografia lui Sergei Parajanov»): Միջոցառմանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, համայնքի ներկայացուցիչներ և հայկական մշակույթով ու արվեստով հետաքրքրված բազմաթիվ ռումինացիներ:

Միջոցառումների շարքը եզրափակվեց երեկույթով՝ Video Mapping շոուով՝ ոգեշնչված «Նռան գույնը» ֆիլմից, որը ներկայացվեց թվային նկարիչ Ադիստուի կողմից: Երաժշտական ձևավորումը ապահովեցին Միկո Բաղդասարյանը և Լիջիա Քեշիշյանը: Ի դեպ, երեկույթի համար հատուկ դրես կոդ էր ընտրվել՝ Փարաջանովյան նռան կարմիր գույնը, որն այս միջոցառումն ավելի բացառիկ դարձրեց։ 

Մարիամ Գևորգյան

«Արարատ» ամսագիր, Բուխարեստ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում