Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

ԱՇԽԱԲԱԴ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։ 

Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։  

«Ես այստեղ (խմբ-Աշխաբադում) հանդիպեցի Թուրքիայի ազգային ժողովի խոսնակի հետ (խմբ-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ): Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,-մանրամասնեց Հայաստանի նախագահը՝ կարևորելով այն, որ տարբեր մակարդակներում կողմերի միջև խոսակցության թեման նույնն է, և այդ առումով երկու կողմերից էլ իշխանության տարբեր թևերի միջև տարակարծություններ չկան:

ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ այդ պետական քաղաքականության մեջ բոլորի մոտ առկա է այն ընկալումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, որը ժամանակային առումով հեռու չէ:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը  քննարկելու համար:

«Սա խոսում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այժմ օրակարգում դրված է շատ ավելի կարճ ժամանակում իրականանալի խնդիր՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու հետ։ 

ՀՀ նախագահի գնահատմամբ՝ վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ առկա համաձայնությունների իրականացումը ևս մեծ առաջընթաց կլինի:

Անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադբուլքադիր Ուրալօղլուի այն հայտարարությանը, թե Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված «հայկական կողմից առաջիկայում զարգացում կլինի»՝ ՀՀ նախագահը նշեց, որ չի կարող ասել ավելին, քան թուրք պաշտոնյան է հայտարարել, որովհետև իրականում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին բոլորիս է հայտնի:

«Կա հաղորդակցություններն ապաշրջափակելու խնդիր, այսինքն՝ բոլորին հնարավորություն տալ օգտվել կոմունիկացիաներից, որոնք կան այսօր, և որոնց պոտենցիալը Հայաստանն ունի. այսինքն՝ տարածաշրջանն ուղղակի դարձնել մատչելի, հասանելի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ընդհանրապես բոլոր երկրների և հենց տարածաշրջանային երկրների համար», - ընդգծեց ՀՀ նախագահը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը հենց դրանում է կայանում:

Վահագն Խաչատուրյանը նորություն չի համարում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունը՝ մատնանշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման կամ ճանապարհների բացման վերաբերյալ բանակցությունները միշտ էլ Հայաստանի օրակարգում են:

Դավիթ Մամյան

Հայկ Մանուկյան  

Հայերեն العربية English Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն