Մոսկովյան այցով Փաշինյանը որոշակիորեն թուլացրեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև քաղաքական մակարդակում նախկին լարվածության մթնոլորտը․ վերլուծաբանի կարծիքը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի մոսկովյան վերջին այցը տեղի ունեցավ միջազգային մի այնպիսի իրավիճակում, երբ 2023 թվականի սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում առկա էր որոշակի լարվածություն քաղաքական մակարդակում, և այդ հանգամանքը ճնշող ազդեցություն էր ունենում այն բոլոր հարցերի վրա, որոնք սպասում էին իրենց հրատապ լուծումներին տարբեր բնագավառներում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների ղեկավարների մոսկովյան հանդիպմանը։   

«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մասնակցելով ԱՊՀ պետությունների ղեկավարների մոսկովյան հանդիպմանը, հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Հայաստանի վարչապետը կարողացավ որոշակիորեն թուլացնել նախկին լարվածության մթնոլորտը և էական առաջընթաց ապահովել հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա պահելու առումով։ Լարվածությունը լարվածություն, բայց կյանքն առնում է իրենը։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ 2024 թվականի արդյունքների ամփոփման ժամանակ ունենալու ենք Ռուսաստանի հետ որոշ հաշվարկներով 14 միլիարդ դոլարի, իսկ այլ հաշվարկներով նույնիսկ 16 միլիարդ դոլարի առևտրատնտեսական հարաբերություններ։ Համեմատության համար նշեմ, որ սա ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերություններից մոտ վեց անգամ ավելի բարձր ցուցանիշ է»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Սաֆարյանի դիտարկմամբ՝ այսօր աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ մեր գործընկերների շրջանում, շատերն են նախանձով նայում Հայաստանին, որն արձանագրում է տնտեսության առաջընթացի շատ շոշափելի արդյունքներ։ Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ ՀՀ վարչապետի մոսկովյան այցը և հոկտեմբերի 22-24-ը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին նրա մասնակցությունը շատ լուրջ հիմքեր են ստեղծում ասելու, որ մեր հարաբերությունները հետխորհրդային տարածքի գործընկերների հետ վերադառնում են իրենց բնականոն հուն՝ ստեղծելով լավ մթնոլորտ հետագա զարգացման համար։

Անդրադառնալով առհասարակ միջազգային պրոցեսների համատեքստում ԱՊՀ կառույցի տեսակարար կշռին ու դերակատարությանը՝ Սաֆարյանն ընդգծեց, որ հետխորհրդային տարածքում այժմ տեղի է ունենում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթաց։ Դա նաև հայտնի տեսություն է, որը զարգացել է ԵՄ-ում շատ վաղուց և ամբողջովին տեղավորվում է հետխորհրդային տարածքում։ Բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացը ենթադրում է, որ հետխորհրդային պետությունները, որոնք ուզում են տարբեր չափով, մակարդակով և ներկայացվածության աստիճանով մասնակցել ինտեգրացիոն այս կամ այն գործընթացին, ունեն այդ հնարավորությունը։ 

«Պոստսովետական տարածքում կա ինտեգրացիայի երեք մակարդակ։ ԱՊՀ-ն հետխորհրդային երկրների դաշինքն է, որով նրանք փորձում են պահպանել ԽՍՀՄ-ից ժառանգած իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը և ուզում են չկորցնել այդ կապերը, որոնցից օգուտներ են քաղում։ Երկրորդ մակարդակը Եվրասիական տնտեսական միությունն է, որն ավելի բարձր մակարդակ է և ենթադրում է տնտեսական ինտեգրում, այսինքն՝ տնտեսական քաղաքականության որոշ հանգամանքների պատվիրակում անդրազգային կառույցներին, ինչպիսին մենք ունենք Մոսկվայում՝ ի դեմս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, որում ունենք երկու նախարար։ Իսկ երրորդը ՀԱՊԿ-ի մակարդակն է։ Այստեղ մենք իրավունք ունենք հարցեր տալ մեր գործընկերներին՝ սպասելով բավարարող պատասխաններ, եթե ուզում ենք շարունակել մեր մասնակցությունն այդ կառույցում։ Հիմա ժամանակը չէ հարաբերությունները սրել, բայց հարցերն, անշուշտ, պետք է ստանան իրենց պատասխանները, այլապես Հայաստանի համար այդ կառույցին մասնակցելը կդառնա անհետաքրքիր»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա՝ հնարավոր է չմասնակցել ՀԱՊԿ-ի՝ փոխարենը մասնակցելով ԵԱՏՄ-ի աշխատանքներին, լինել ԱՊՀ տարածաշրջանային կազմակերպության ակտիվ գործունյա անդամ և չխանգարել տնտեսական, մշակութային, հումանիտար հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը և դրանով մասնակցել բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացին։

Անդրադառնալով մեր տարածաշրջանում գերտերությունների շահերին՝ քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Հարավային Կովկասի համար զգալիորեն մեծանում է ռուս-իրանական համագործակցության դերը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում, բացի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից, սպասվում է, որ Ռուսաստանի և Իրանի ղեկավարները կստորագրեն հռչակագիր ռազմավարական գործընկերության մասին, ինչը երկկողմ հարաբերություններում մի նոր, ավելի բարձր մակարդակ է, ինչը նախկինում երբեք չի եղել։

«Նման մակարդակի բարձրացված հարաբերությունները նշանակում են, որ Հարավային Կովկասում այս երկու պետությունները վարելու են համաձայնեցված, համագործակցված քաղաքականություն, և նրանց ձայնը լսվելու է շատ ավելի բարձր ու վճռական, քան նախկինում էր։ Դրանից բխում է այն, որ Հայաստանի համար ամենահարմար, ամենաճիշտ երկխոսության հարթակը տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափն է, որտեղ մենք մեզ ամենահարմարավետը կարող ենք զգալ մեր ազգային շահերի ձևակերպման և դրանց պաշտպանության հարցերում։ Այդ հարթակում կկարողանանք հիմնվել առկա աշխարհաքաղաքական իրողությունների վրա՝ առաջ մղելով մեր տնտեսական հետաքրքրությունները, մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» հայտնի ծրագիրը, որը ենթադրում է բոլոր ճանապարհների ապաշրջափակում, վերագործարկում և բոլոր կոմունիկացիաների շահագործում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման»,- նշեց մեր զրուցակիցը։

Իսկ ինչ վերաբերում է ռուս-չինական համագործակցությանը մեր տարածաշրջանում, ապա Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց Երևանում ՉԺՀ-ի դեսպանատան շենքին՝ շեշտելով, որ այն նպատակը, ինչ չինական կողմը դրել էր իր առջև՝ Երևանում ունենալով այնպիսի դեսպանություն, որն իր չափերով ու աշխատանքի ծավալներով չէր զիջելու ԱՄՆ-ի դեսպանությանը, գալիս է պարզ վկայելու, որ Չինաստանը մեր տարածաշրջանում, մասնավորապես մեր փոքր երկրում հետապնդելու է հետևողական շահեր և դրանք իրականացնելու ճանապարհին ոչ թե առճակատվելու, այլ համագործակցելու է Ռուսաստանի հետ՝ ներդաշնակեցնելով քայլերը ռուսական կողմի հետ։ Սաֆարյանի խոսքով՝ հայկական կողմը սրանից նույնպես պետք է անի հետևություններ և կարողանա կառուցել իր տնտեսական զարգացման շահերը, ցանկություններն ու կարիքներն այնպես, որ կարողանա տեղավորվել փոփոխվող և նոր բովանդակությամբ ներկայացող աշխարհաքաղաքական իրողությունների մեջ։   

Մանվել Մարգարյան

Հայերեն Español Русский

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն