Հանրակրթական և միջին մասնագիտական ուսհաստատություններում կներդրվի STEP.ai արհեստական բանականության ծրագիրը
4 րոպեի ընթերցում
![Հանրակրթական և միջին մասնագիտական ուսհաստատություններում կներդրվի STEP.ai արհեստական բանականության ծրագիրը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/09/IUQQ05ejXbUCE6EmFTByQ7PFqxKgk5oxLcrNRJDi.webp)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում հոկտեմբերի 9-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով տեխնոլոգիական ոլորտում մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը, նշեց, որ կրթության համակարգում փորձարկվող ծրագրերը հաճախ հենց մասնավորի մշակմամբ ու նրա հետ համատեղ աշխատանքի արդյունք են։
«Արհեստական բանականության կիրառումը կրթության ոլորտում ունի բազմաթիվ յուրահատկություններ, և հիմա փորձնական ծրագրերը հնարավորություն են տալիս հասկանալ, թե որտեղ բարելավման ու լրացուցիչ աշխատանքի կարիք ունենք՝ մինչև ամբողջ համակարգում այս ծրագրի ներդրումը։ Շատ կարևոր է, որ մենք ծրագրերն իրականացնում ենք մասնավոր ոլորտի ակտիվ նախաձեռնողականությամբ, և սա համարում եմ ամենճիշտ ճանապարհը, որովհետև տեխնոլոգիական զարգացումն ու առաջընթացը դպրոցներում, կրթական համակարգում բերում է որոշակի հմտությունների ու կարողունակությունների պահանջի»,-ասաց Անդրեասյանը՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրի շնորհիվ շուկա կմտնեն շրջանավարտներ, որոնց կարիքը զգացվում է։
Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում իր ծանրակշիռ ներկայացվածության, այլ նաև՝ կրթության որակիի բարձրացմանը նպաստելու առումով։
«Սա ամենավառ օրինակներից մեկն է, երբ կառավարությունը շատ համահունչ ու ներդաշնակ է մասնավոր հատվածի իր գործընկերների հետ՝ ընդհանրապես տեխնոլոգիական զարգացման մեր մտորումներում, պատկերացումներում, ընկալումներում»,-ընդգծեց Հայրապետյանը ։
Նրա խոսքով՝ շատ չեն այն երկրները, որտեղ արհեստական բանականության բովանդակությամբ հանրակրթական մակարդակում մի քանի ծրագիր է ներդրվել ու գործում։
«Սա հնարավորություն է տալիս, իսկապես, Հայաստանին իրապես դիրքավորելու որպես մի երկիր, որտեղ տեխնոլոգիական զարգացման նկատամամբ պահպանողական մոտեցումները փոխարինվել են նորարար, համարձակ և ճկուն մոտեցումներով»,-ավելացրեց Հայրապետյանը։
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը պատմական համարեց օրը, քանի որ, ըստ նրա, արհեստական բանականության բնագավառում նոր մեկնակետ է ստեղծվում։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև STEP.ai արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացն ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրություն և վկայականների հանձնման արարողություն։
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին Հայաստանի և և Լեռնային Ղարաբաղի մի շարք դպրոցներում՝ ավագ դասարանների աշակերտների համար։ Այն նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է «Սինոփսիս» հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» «Սինոփսիս Արմենիա»-ի կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի համատեղ ջանքերով։ Արհեստական բանականության ծրագիրը բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։