Հայաստան

ՀՀ նախագահը կարևորեց հայագիտության արդի խնդիրների և զարգացումների քննարկումները հակահայկական քաղաքականության պայմաններում

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը կարևորեց հայագիտության արդի խնդիրների և զարգացումների քննարկումները հակահայկական քաղաքականության պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին նվիրված իր ուղերձում բարձր գնահատեց «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի կազմակերպումը և անցկացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահագն Խաչատուրյանի ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։

Ուղերձը սկսվեց նախագահի՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բոլոր ժամանակների շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին ուղղված շնորհավորանքով:

«Վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները, տարածաշրջանային զարգացումներն ու Արցախի բռնի հայաթափումը, հակահայկական քաղաքականության կեղծ գիտական, այսպես կոչված, հիմնավորումների շրջանառումը ներկայումս առավել կարևորում է հայագիտության արդի խնդիրների և զարգացումների քննարկումները ինչպես զուտ ակադեմիական, այնպես էլ կիրառական հարթություններում։ Այս տեսանկյունից բարձր եմ գնահատում և ողջունում «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի կազմակերպումը և անցկացումը, որը կհանդիսանա մեր գիտության և կրթության արդի հիմնախնդիրներին համահունչ պատմագիտական և հասարակագիտական հայեցակարգերի ձևավորման ու զարգացման համար։

Կրկին շնորհավորելով ֆակուլտետի հիմնադրման հոբելյանը՝ շնորհակալություն եմ հայտնում միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին՝ մասնակիցներին մաղթելով ակտիվ քննարկումներ և արդյունավետ աշխատանք»,- ասված է ուղերձում։

Գիտաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։

«Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողովը կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան շուրջ 100 մասնակիցներ ՀՀ առաջատար գիտահետազոտական հաստատություններից և արտերկրից (Վրաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, Գերմանիա, Իրան, Անգլիա և այլն)։ 

Գիտաժողովն աշխատանքները ծավալելու է հետևյալ ուղղություններով՝ հայագիտության պատմություն, տեսություն, մեթոդաբանություն, Հայաստանի և հայոց պատմության փուլաբաժանման խնդիրներ, Հայոց պատմության աղբյուրագիտության, պատմագրության հիմնահարցեր, հայագիտությունը և տարածաշրջանային (Կովկաս, Մերձավոր և Միջին Արևելք) ուսումնասիրությունները, հնագիտական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները, ազգագրական (մարդաբանական) ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,մշակութաբանական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները, հայ արվեստի պատմության և տեսության ուսումնասիրություններն ու հայագիտության հիմնախնդիրները, հայոց պատմության և համաշխարհային պատմության փոխհարաբերությունների տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրները։

   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում