Մշակույթ

Մատենադարանը ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա կունենա

3 րոպեի ընթերցում

Մատենադարանը ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա կունենա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանում կբացվի ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա։ Լաբորատորիան կբացվի «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարի շրջանակներում։ Լաբորատորիան կբացվի «ԱրարատԲանկ»-ի աջակցությամբ։ 

Մատենադարանում մեկնարկած «Հիշողության կերպարանքները» խորագրով սեմինարի ժամանակ ունեցած ելույթում  «ԱրարատԲանկ»  ԲԲԸ խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն ընդգծեց, որ Մատենադարանը մարմնավորում է հայ ժողովրդի առաքելությունը՝ ստեղծել գիտելիք, իմաստնություն, պահպանել, գրի առնել, հանձել հաջորդ սերնդին և հոգ տանել, որպեսզի այդ ժառանգությունը պահպանվի:  

«Այս ժառանգությունը հավաքվել է շատ դաժան պայմաններում վանականների, գաղթականների, բարերարների միջոցով, և հիմա արդեն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներն այստեղ խնդիրը լուծում են տեխնիկապես: Խոսքը վերաբերում է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությանը: Անձնական օրինակով կարող եմ ասել, որ տարիներ առաջ մեր ժողովրդի պատմության մի հատվածն ուսումնասիրել եմ միայն Մատենադարանում պահպանվող արաբական մատենագրերի միջոցով: Մատենադարանն այսօր մշակութային ժառանգության պահպանության հարց է լուծում նաև Հայաստանի սահմաններից դուրս, օրինակ՝ Իրաքյան Քուրդիստանում մոռացության մատնված ասորական մատենագրերը վերականգնելու առումով: Շնորհակալություն եմ հայտնում՝ որպես նախկին միջազգայնագետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովհաննիսյանը: 

«ԱրարատԲանկ»-ի խորհրդի նախագահը մեծապես գնահատեց այն անձանց ազգանվեր աշխատանքը, ովքեր իրենց վստահելի ձեռքում են պահում մեր հավաքական հիշողությունը: 

Հովհաննիսյանի հավաստմամբ՝ «ԱրարատԲանկ»-ը երախտապարտ է Մատենադարանին և երջանիկ է ասոցացվելու մշակութային ժառանգության պահպանության ազնվագույն գործին: 

«Ուզում եմ հաստատել համագործակցությունը շարունակելու մեր հանձնառությունը և հույս ունեմ, որ ապագայում ևս կլինենք Մատենադարանի բարեկամների շարքում»,- եզրափակեց «ԱրարատԲանկ»-ի խորհրդի նախագահը:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հույս հայտնեց, որ իր ղեկավարած կառույցը ապագայում շատ լայն ու բազմաշերտ համագործակցություն է ծավալելու «ԱրարատԲանկ»-ի հետ։ 

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում