Միացյալ Նահանգներ

Ֆլորիդային է մոտենում ևս մեկ հզոր փոթորիկ՝ «Հելեն»-ի ավերածություններից հետո

2 րոպեի ընթերցում

REUTERS/Paola Chiomante
REUTERS/Paola Chiomante

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Միլթոն» փոթորիկի մոտենալու պատճառով ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի ավելի քան մեկ միլիոն բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։ Ֆլորիդայի արևմտյան ափը, որտեղ դեռ չեն վերացրել «Հելեն» ավերիչ փոթորկի հետևանքները, պատրաստվում է հաջորդ փոթորկին, որը տեղ կհասնի հոկտեմբերի 9-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նախքան Ֆլորիդա հասնելը 5-րդ աստիճանի ուժգնությամբ «Միլթոն» փոթորիկը հոկտեմբերի 8-ին կմոլեգնի Մեքսիկայի Յուկատան թերակղզում։ Փոթորկի քամիների առավելագույն արագությունը հասնում է 270 կմ/ժամի։ Ֆլորիդա հասնելիս, ըստ օդերևութաբանների, փոթորիկը կդառնա 4-րդ աստիճանի ուժգնության. քամիների արագությունը փոքր-ինչ կնվազի՝ հասնելով 233 կմ/ժամի: Սա նշանակում է, որ կլինեն լուրջ ավերածություններ, այդ թվում՝ էլեկտրամատակարարման խափանումներ։

Ֆլորիդայի՝ փոթորկի ճանապարհին ընկած հատվածների բնակիչներին տարհանվելու համար ընդամենը մեկ օր է մնացել։ Իշխանություններն ակնկալում են երթևեկության խցանումներ, բենզալցակայաններում հերթեր։ 

Սեպտեմբերի 26-ին Ֆլորիդային հարվածել էր «Հելեն» փոթորիկը։ ԱՄՆ վեց նահանգներում «Հելեն»-ն ավելի քան 200 մարդու կյանք է խլել և միլիարդավոր դոլարի վնաս պատճառել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում