Միացյալ Նահանգներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչներ Սոհի Ռաստեգարին և Ալեքսանդր Սիմոնյանին:

Նախարարի տեղակալը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորել երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման աշխատանքներին: Նրա խոսքով՝ նախագծով հստակեցվել են բարձրագույն կրթության որակին ներկայացվող պահանջները, բուհերի կառավարման և խոշորացման գործընթացը, որի նպատակը հետազոտահեն կրթության կազմակերպումն է:

Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» Հայաստանում նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում, որի գլխավոր հատակագծի հայեցակարգն արդեն հաստատվել է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը՝ բարձրագույն կրթության ոլորտում առանձնացնելով Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը: Արթուր Մարտիրոսյանը մեծապես կարևորել է գիտության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը և վերահաստատել պատրաստակամությունն ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության կայացման աշխատանքներն ակտիվացնելու առումով։ 

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչ Սոհի Ռաստեգարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված երկրում գիտության զարգացմանը: Նա ներկայացրել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում