ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագիտության դոկտոր Արսեն Արզումանյանի «Ստրունգայի հայկական որբանոցը. բեկված ճակատագրերի վկայություններ» գիրքը հանրության լայն շրջանակին կծանոթացնի Ռումինիայի հայկական համայնքի ջանքերով ստեղծված կառույցի մարդասիրական գործունեությանը, որբերի կյանքի ուշագրավ էջերին։
Գրքի ռումիներեն և հայերեն տարբերակները լույս են տեսել Բուխարեստում որբանոցի 100-ամյակի կապակցությամբ։ Աշխատությունը բացառիկ է ուսումնասիրված աղբյուրների քանակի առումով։ Առաջին անգամ վերծանվել են որբանոցի արխիվները, Բուխարեստում լույս տեսած պարբերականների հարյուրավոր հոդվածներ, որոնք անդրադարձել են որբանոցի հիմնադրմանը, կայացմանն ու լուծարմանը։
Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Արզումանյանը խոստովանեց՝ ի սկզբանե մտադիր չի եղել մի ամբողջ գիրք նվիրել որբանոցի գործունեությանը, սակայն ծանոթանալով հարուստ նյութերին՝ փոխել է միտքը։
«Ստրունգա գյուղը Յաշի մարզում է։ Ցանկանում էի այդ մարզի հայերի փառահեղ պատմության վերաբերյալ գիրք հրատարակել, որոշել էի անդրադառնալ նաև Ստրունգայի հայկական որբանոցին։ Գրքի այդ գլուխն ընդամենը մի քանի էջ պետք է ընդգրկեր։ Երբ խորասուզվեցի որբանոցի պատմության մեջ, այնքան հետաքրքիր նյութեր գտա, որոնց իննսուն տոկոսն ուսումնասիրված չէ, որ հասկացա՝ հնարավոր չէ սահմանափակվել մի քանի էջով. այդ նյութերը պետք է առանձին գրքով տպագրել»,-պատմեց Արսեն Արզումանյանը։
Որբանոցի առօրյան լայնորեն լուսաբանվել է Բուխարեստի հայկական պարբերականներում, որոնցում հնարավոր է երեխաների հետ կապված հուզիչ, ուրախ պատմություններ գտնել։ Հեղինակի խոսքով՝ գիրքը սոսկ որբանոցի պատմությունը չէ, այլ հայ ժողովրդի ապրած ցավի շարունակությունն է ներկայացնում։
«Երկու հարյուր երեխայի, որ Պոլսի թուրքական որբանոցներում վատագույն պայմաններում էին, ռումինահայ համայնքը տեղափոխում է Ստրունգա և հիմնում որբանոցը։ Ստրունգա գյուղը շրջապատված է շուրջ 7 կամ 8 հարյուր տարվա պատմություն ունեցող հայկական գաղթօջախներով։ Որբանոցը բացել են Ստրունգայում, որպեսզի այն մոտ լինի հայաբնակ քաղաքներին, ինչի արդյունքում հայերը հնարավորություն կունենային հնարավոր ամեն բանով աջակցել որբանոցին»,-նշեց Արսեն Արզումանյանը։
Նա որբանոցի կառուցումը ռումինահայ համայնքի փառահեղ պատմության աննախադեպ էջերից է համարում, քանի որ որբանոցը ոչ միայն երեխաների կենցաղային կարիքներն է հոգացել, այլև լուծել է կրթության հարցը։ Որբանոցն ունեցել է դպրոց, արհեստանոցներ՝ կոշկակարություն, գորգագործություն, դերձակություն։ «Կրթությունը որբերին հնարավորություն կտար չափահաս դառնալուց հետո ինքնուրույն վաստակել։ Երեխաները նաև սպորտով են զբաղվել, գյուղատնտեսական աշխատանքներով։ Նրանց առօրյան հագեցած է եղել։ Որբանոցի առաքելություններից է եղել գտնել երեխաների հարազատներին կամ նրանց հանձնել հայ ընտանիքների, որոնք ապրում էին Ռումինիայի տարբեր քաղաքներում։ Շատ հայ ընտանիքներ ոչ միայն խնամել են երեխաներին, այլև որդեգրել նրանց։ Կառույցի նպատակը երեխաներին հայ մեծացնելն է եղել, ուստի պատահական չէ, որ որբերից ոմանք հետագայում հայանպաստ գործունեություն են ծավալել։ Նրանց մասին գրքում գրված է»,-շեշտեց Արզումանյանը։
Հայտնի անուններից է նկարիչ, քանդակագործ Արամ Ղարիբյանը։ Նա շատ մտերիմ է եղել Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ։ Նրա կտավներից շատերն Էջմիածնում են պահվում, պատկերասրահում ևս առկա են նրա աշխատանքներից։ Մեկ այլ հայտնի անուն է Նուրհան Աղլամիշյանը։ Նա տեղափոխվել է ԱՄՆ, սակայն նրա ընտանիքը չի կորցրել կապը Հայաստանի հետ։ Աղլամիշյանի որդիները մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացրել։ Վայոց ձորում հիմնել են Եղեգնաձորի Վահագն Աղլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնը։
Ստրունգայի որբանոցը գործել է ընդամենը չորս տարի՝ 1923-1926 թվականներին, սակայն կարողացել է իրագործել իր առաջ դրված խնդիրը, քանի որ երեխաներին ապահովել են հնարավոր ամեն բանով։ Որբանոցն ի դեմս կենցաղային շատ ծախսերի նաև լրացուցիչ մի շարք խնդիրների առաջ է կանգնել, քանի որ 2 հարյուր որբերից շատերը որբանոցում են հայտնվել տարատեսակ հիվանդություններով։ Ցավալի դեպքեր ևս գրանցվել են։ Երկու աղջիկ մահացել են թոքախտից։ Նրանցից մեկի պատմությունն այնքան է հուզել Արզումանյանին, որ այն ներառել է գրքում։
Արսեն Արզումանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Սովորել է բակալավրում և մագիստրատուրայում։ Դոկտորական ատենախոսություն պաշտպանելու նպատակով տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ շարունակել է ուսումը։ 2015-ին պաշտպանել է ատենախոսությունը, որը նվիրված է եղել ռումինահայ համայնքին։ Ավելի քան տասը տարի աշխատում է Ռումինիայի հայոց միությունում։ «Աշխատանքս ինձ շատ է օգնում նման ուսումնասիրություններ կատարել։ Շրջել եմ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում, գյուղերում։ Հնարավոր չէ պատկերացնել, թե որքան շատ են հայկական հետքերը։ 2022-ին հրատարակել եմ «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գիրքը։ Այն ռումինախոսների համար հայերեն սովորելու այլընտրանքային մեթոդ է։ Այլ գրքեր ևս հրատարակել եմ»,-նշեց նա։
«Ստրունգայի հայկական որբանոցը. բեկված ճակատագրերի վկայություններ» գիրքը գրելիս օգտվել է հիմնականում Ռումինիայի հայկական պարբերականներից, որոնց ոչ միայն հոդվածների հայտնաբերումն է կարևոր համարում, այլև հենց այդ պարբերականների հայտնաբերումը։ Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի ազգային գրադարանում այդ թերթերի մասին տեղեկություններ չկան։ Թերթերը պահվում են Ռումինիայի ակադեմիական գրադարանում։ Արսեն Արզումանյանն այդ պարբերականների հետ հանդիպումը մեծ հաջողություն է համարում, քանի որ նրանցում անգին գանձեր կան։