Իրավունք

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության Մեղրու բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հոկտեմբերի 4-ին, ժամը 9.20-ի սահմաններում իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին՝ գետնին են գցել 3 փաթեթ։

Ըստ աղբյուրի՝ առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրու բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։

Նշվում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գ մարիխուանայի, շուրջ 1 կգ 150 գ մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ։

Ձերբակալվածները ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում