Քաղաքականություն

Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվին

5 րոպեի ընթերցում

ԱԳՆ ասուլիս

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության  տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները», ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է. «Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։ 

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։

Հիմա այս ամենի հաշվառումով հարց է ծագում. ինչու՞ է Ադրբեջանը Ձեր հարցի մեջ հիշատակված շեշտադրումներն անում։ Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար:

Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր ևս առաջացնում են և դրանցից ևս երկուսը ուզում եմ հնչեցնել.

ա) Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Հանրապետությունների վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու՝ Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը:

բ) Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից: Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը Խաղաղության օրակարգին, և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում: 

Կարծում ենք ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա»։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հայաստանի ու Գերմանիայի նախագահներն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՌԴ ԱԳ փոխնախարարը չի կարծում, թե ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ ՆԱՏՕ-ից

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը

Խաչատուրյանն ու Շտայնմայերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կաթողիկոսը ԵՏՍԿ պատվիրակության հետ հանդիպմանն իր մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Հունաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանագիտության դասավանդման քաղաքականությունը խորագրով պանելային քննարկմանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զվարթնոց օդանավակայան

Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ