Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր Էմմա Պողոսյանը, իսկ Աննա Ամրոյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աշոտ Մովսիսյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է մարզիկներին ու մարզիչներին, շնորհավորել գրանցած արդյունքների ու նվաճած մեդալների առթիվ:

«Ձեր հաղթանակները բոլորիս համար ոգևորության ևս մեկ առիթ էին: Վստահ եմ՝ սա ձեր ճանապարհի սկիզբն է: Ձեր ցույց տված արդյունքները բոլորիս վստահություն են ներշնչում, որ առաջ եք գնալու՝ նոր հաջողություններ գրանցելով հետագա մրցելույթներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի կանանց հավաքականի անդամների ելույթներին և վստահություն հայտնել՝ նրանց օրինակը ոգևորող է լինելու մեր դպրոցահասակների համար. «Շատ ենք խոսում այն մասին, որ պետք է խրախուսենք կանանց ու աղջիկներին ավելի շատ զբաղվել սպորտով, և ամեն անգամ, երբ մեր մարզուհիները նման հաջող ելույթներ են գրանցում, վստահ եմ՝ մեր երեխաների մոտ սպորտով զբաղվելու և առաջ գնալու ցանկություն է առաջանում: Ի դեմս ձեզ՝ իրենք ունենում են այն օրինակը, որին կարելի է հետևել: Ուրախ եմ, որ ունեցել եք ծանրամարտով զբաղվելու հաստատակամություն ու ձեր մարզիչների հետ այսօր արդեն նշանակալի արդյունքներ եք գրանցում»:

Խոսելով աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Մովսիսյանի գրանցած արդյունքի մասին՝ Ժաննա Անդրեասյանն այն կարևորել է հատկապես սերնդափոխության տեսանկյունից. «Ծանրամարտում ունենք լավ ավանդույթներ, և ուրախ եմ, որ լավ արդյունքներ ենք գրանցում ոչ միայն մեծահասակների, այլև՝ երիտասարդական թիմերում: Սա նշանակում է՝ ունենք լավ սերունդ ու այդ ավանդույթները լավագույնս կկարողանանք շարունակել»:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև հավաքականի մարզիչներին, փաստել, որ գրանցած հաջողությունները երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունք են:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել՝ երիտասարդ ծանրորդներն ապագայում ևս իրենց լավագույնս կդրսևորեն միջազգային մրցասպարեզում, այդ թվում՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերում: ԿԳՄՍ նախարարի տեղակալն արժևորել է նաև հավաքականի մարզիչների վաստակն ու մեծ փորձը՝ հաջողությունների գրանցման ճանապարհին:

Աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար, խոսել մրցելույթներից ունեցած տպավորությունների և հույզերի մասին: Ալեքսանդրա Գրիգորյանը, որն ուսի վիրահատության ենթարկվելուց հետո երիտասարդական ԱԱ-ին նախապատրաստվելու համար երկու ամիս ժամանակ է ունեցել, փաստում է՝ նախ և առաջ կարողացել է հաղթահարել ներքին վախերն ու վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին նաև հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 191 կգ արդյունքով:

18-ամյա Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 81 կգ քաշային կարգում՝ երկամարտում ցույց տալով 233 կգ արդյունք: 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ տղամարդկանց հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք:

Հայ ծանրորդները հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը Լեհաստանում մասնակցելու են մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնելու 34 ծանրորդով:

Հայերեն فارسی

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն