Կկարգավորվեն ազգային ֆիլմերի հեռարձակման և ցուցադրման գործընթացները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ հաստատվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, շահառուների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում կինոշուկայի կարգավորման անհրաժեշտությունից:

Համաձայն հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչընդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար: Դա նաև խոչընդոտում է վարձույթի շուկայի համակարգմանը, որն էլ իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը և ֆիլմերի վարկանիշների նշագրումը՝ միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին: Բացի դրանից՝ ֆիլմարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճենների քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին: Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում նաև կինոթատրոնների տոմսային համակարգը:

Վերոնշյալ գործընթացներով պայմանավորված՝ առաջացել է տվյալների թվայնացման և ավտոմատացման անհրաժեշտություն, որի նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ: Համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, բիզնես գործընթացների թվայնացումը, որը կնպաստի պետություն-մասնավոր փոխգործակցությանը: Համակարգի ներդրման նպատակն է նաև կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը և դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգը չի նախատեսում տոմսերի վաճառք. այն ունենալու է ծրագրային փոխկապակցվածություն կինոթատրոնների գործող տոմսային համակարգի հետ՝ API-ի միջոցով: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար՝ հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Համակարգը մշակվել է թափանցիկության ապահովման նպատակով. թվային հարթակը բաց է ցանկացած քաղաքացու համար, տվյալները պահվում և պաշտպանվում են պետության ներսում, պետական մարմինները և այլ շահառուները ունեն լիարժեք հասանելիություն և կարող են վերլուծել ֆիլմարտադրության և շուկայի արդյունավետությունը: 

ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի 2026թ-ի հունվարի 1-ից: 

Հայերեն

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

Հայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. Փաշինյան

«Զինապահ» հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրա

ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico