ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ-ի շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծման հարցերի չլուծված լինելը զգալիորեն դանդաղեցնում է անդամ պետությունների տնտեսական աճի տեմպերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ-ի շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծման հարցերի չլուծված լինելը զգալիորեն դանդաղեցնում է մեր պետությունների տնտեսությունների աճի տեմպերը, որոնք կարող էին ավելի բարձր լինել, քան հիմա»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ հայկական կողմն առաջնային նշանակություն է տալիս երրորդ երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի կնքման շուրջ բանակցություններին, որոնք տրամադրված են փոխշահավետ համագործակցության:
«Արտաքին կոնտուրում փոխգործակցությունը հնարավորինս օպտիմալացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ վերլուծություն կատարել երրորդ երկրների հետ գոյություն ունեցող առևտրային համաձայնագրերի վերաբերյալ ' դրանց թերությունները բացահայտելու և դրանց բարելավման ուղղությունները որոշելու համար, ուշադիր ուսումնասիրել առևտրի ծավալների ավելացման նպատակով նոր դրույթների ներդրման հնարավորությունը, սահմանել փոխգործակցության արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ, ինչպիսիք են առևտրի մակարդակը, ներդրումային հոսքերը, ենթակառուցվածքների զարգացումը: Համագործակցության արդյունքների կանոնավոր մոնիտորինգը և գնահատումը կնպաստեն ռազմավարության և համաձայնագրերի ճշգրտումների ժամանակին կատարմանը՝ ապահովելով առևտրային կապերի հուսալի և կայուն զարգացումը»,- ասաց ՀՀ վարչապետը: