Տնտեսություն

Ապահով թվային տարածք ստեղծելը միասնական ջանքեր է պահանջում. Գևորգ Մանթաշյան

3 րոպեի ընթերցում

Ապահով թվային տարածք ստեղծելը միասնական ջանքեր է պահանջում. Գևորգ Մանթաշյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում անցկացվող «Թվայնացումը պետք չէ կանգնեցնել. որտեղ ենք  ստորակետ դնում»  թեմայով  նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, կարևորել Եվրասիական տնտեսական միության  (ԵԱՏՄ) տիրույթում այնպիսի արդիական և կարևոր թեմաների քննարկումը, ինչպիսիք են թվայնացումը, կիբեռանվտանգությունը և ոչ միայն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ արագ զարգացող թվային դարաշրջանում մեր տարածաշրջանը կանգնած է ճամփաբաժանին, և այս համաժողովի շրջանակներում կայացրած որոշումները կարող են սահմանել միլիոնավոր մարդկանց ապագան Եվրասիական տարածաշրջանում։

Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում անդրադարձել է թվային ինքնիշխանությանը, բայց և նշել թվայնացման ընդհանուր գործընթացների ընձեռած  հնարավորությունները՝ տնտեսական աճի, արտադրողականության բարձրացման, մրցունակության բարձրացման, հանրային ծառայությունների որակի բարձրացման և կյանքի որակի բարելավման համատեքստում: Սակայն, չնայած այս ամենին, նշվել է, որ թվային տեխնոլոգիաները նաև մարտահրավերներ են ներառում՝ հատկապես կիբեռհարձակումներով, ապատեղեկատվության տարածմամբ, որոնց առնչվում են ԵԱՏՄ անդամ պետությունները, և որոնց դիմակայելը, ապահով թվային տարածք ստեղծելը, միասնական ջանքեր է պահանջում։

Անդրադարձ է եղել  բնակչության թվային գրագիտության և հմտությունների զարգացման կարևորությանը, թվային տեխնոլոգիաների կիրառությանը կենցաղում, տնտեսության տարբեր ոլորտներում։

Քննարկմանը մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության փոխնախարար Ասխաթ Օրազբեկը, Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարի առաջին տեղակալ Ժումամուդուն Ժումալիևը, Ռուսաստանի ներկայացուցիչը՝ հեռավար։

Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներն ու գերակայությունները»։ Համաժողովը համընկնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ և նախատեսում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, երրորդ երկրների կառավարությունների անդամների, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում