Մշակույթ

Գյումրու դրամատիկական թատրոնը բացեց իր 159-րդ թատերաշրջանը

3 րոպեի ընթերցում

Գյումրու դրամատիկական թատրոնը բացեց իր 159-րդ թատերաշրջանը

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 28-ին բացեց իր 159-րդ թատերաշրջանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ թատերաշրջանի բացումն ազդարարող առաջնախաղը, Թատերական հրապարակում հրավառության մեկնարկը տվեց Գյումրիում ծնված Folkastic Band-ը։

Գյումրու դրամատիկական թատրոնի թատերաշրջանի բացումը ազդարարվեց Նոել Քոուարդի «Խելահեղ Seance» լիրիկական կատակերգությամբ՝ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի բեմադրությամբ։

Առաջնախաղից առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ստեղծագործությունը խորը փիլիսոփայական կամ բարոյահոգեբանական աշխատանք չէ, բայց տրամադրություն ստեղծող է, դրական հույզեր առաջացնող։

«Յուրաքանչյուր տարի թատրոնը փորձում է առանձնահատուկ կերպով բացել թատերաշրջանը, և այս տարի էլ բացառություն չէ։ Մենք հասկացանք, որ այն, ինչ արել ենք, հիմնականում ծանր ներկայացումներ են, և թատրոնին պակասում են կատակերգությունները, ու այս անգամ որոշեցինք թատերաշրջանը բացել գունեղ ու պոզիտիվ լիցքերով։ Հանդիսատեսը բեմում կտեսնի նոր երիտասարդական խմբի՝ դերասաններ, ովքեր առաջին անգամ են խաղում, և նրանց հետ հանդես կգան մեր փորձառու դերասանները։ Ես այս ներկայացումն առանձնացնում եմ նրանով, որ նոր դեմքեր կան, երիտասարդական նոր ստեղծագործական կազմ, նոր նկարիչ»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ հանդիսատեսին այս թատերաշրջանում խոստանալով երեք նոր առաջնախաղ, այդ թվում՝ նաև մանկական ներկայացում։

Ներկայացնելով կատակերգությունը՝ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը նշեց, որ ներկայացումը սիրո, հավատարմության և հենց դրա պատճառով ստեղծված ծիծաղելի իրավիճակների մասին է։ «Ուղերձն այն է, որ եթե կինը սիրում է, նա միշտ, ամեն գնով իր ամուսնու կողքին է, անգամ մահից հետո։ Սիրող կինը կարող է շրջանցել կյանքի ու մահվան սահմանները, վերադառնալ ու մնալ ամուսնու կողքին։ Ներկայացումը փոթորիկ է լցնելու մեր հանդիսատեսի կյանքում, և այս ներկայացումով խորհուրդ ենք տալիս գնահատել այն արևածագն ու առավոտները, որ ունեք, և երբեք կյանքում չկորցնեք փոթորիկները, որ ունեք»,- նշեց Ռաֆայել Ասատրյանը։ 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում