«Խաղաղության խաչմերուկ»-ը Միջին միջանցքի մաս կարող է դառնալ՝ ապահովելով նրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունն ու արդյունավետությունը. ՀՀ վարչապետ
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է խաղաղ ապագային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս նախագծի նպատակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, երկաթուղային և այլ հաղորդակցությունների բացելն է, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի միջև կապի ապահովումը, ինչպես նաև խողովակաշարերի և մալուխների անցման և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելը, ինչը կարևորագույն և առանցքային գործոն է խաղաղության համար։
«Խաղաղության և զարգացման առանցքային գործոն է նաև այն, որ այդ ամենը տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, և մենք պատրաստ ենք մեր տրանսպորտային ուղիները բացել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի և թե՛ մեր մնացած հարևանների ու գործընկերների համար, և պատրաստ ենք դա անել նույնիսկ այսօր: Հենց այսօր:
«Խաղաղության խաչմերուկ»-ն ի դեպ, Միջին միջանցքի մաս կարող է դառնալ՝ ապահովելով նրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունն ու արդյունավետությունը»,- հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
«Դա մեր ցանկությունն է, պարտավորությունը, և մենք կարող ենք դա անել: Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգությունը, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»,- շեշտեց նա:
Հայաստանի վարչապետը նկատեց՝ այնպես չի, որ անհանգստացնող հանգամանքներ չկան, բայց ինչ-ինչ պատճառներով այդ մասին բարձրաձայնել չի ցանկանում:
«Այսօր չեմ ուզում որևէ նեգատիվ, անհանգստացնող, հոռետեսական ուղերձներ հղել ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, այլ այն պատճառով, որ հայկական առածն ասում է. «լավ ասենք, որ լավ լինի», այն իմաստով, որ երբ խոսում ես դրական բաների մասին` լավ բաները որպես կանոն իրականություն են դառնում: Չեմ բացառում, որ նույն առածը կա և դա նույնքան իրենցն են համարում Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, աշխարհի այլ երկրներում:
Բայց «լավ ասենք, որ լավ լինի»-ն իրականությունից կտրված դատարկ խոսքեր շռայլելու մասին չէ, դրա համար պետք է աշխատել, երբեմն ծանր որոշումներ կայացնել: Իմ ելույթի մեջ ի ցույց դրեցի բոլոր այն հանգամանքները, որոնք հիմք են տալիս այս հարգարժան լսարանի առջև այս ամբիոնից լավն ասելու, որ լավ լինի: Եվ եթե հիմնվենք այդ հանգամանքների վրա, ապա լավ բաներ տեղի կունենան՝ սկիզբ դնելով բացասականը գեներացնող հանգամանքների նվազեցման գործընթացին»,- ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: