Հայաստան

Եռաբլուրի բարձունքում վեր կխոյանա ԼՂ բոլոր նահատակներին ոգեկոչող 6 մետր բարձրությամբ հուշակոթող

4 րոպեի ընթերցում

Եռաբլուրի բարձունքում վեր կխոյանա ԼՂ բոլոր նահատակներին ոգեկոչող 6 մետր բարձրությամբ հուշակոթող

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի ԼՂ բոլոր նահատակների, ԼՂ-ում բոլոր հուղարկավորվածների և 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախի կանչը» հուշակոթողը կառուցվելու է մի հայ բարերարի ֆինանսական աջակցությամբ, ում անունն, իր իսկ ցանկությամբ, միջոցառման կազմակերպիչները չհայտնեցին, սակայն խորին երախտագիտություն հայտնեցին նրան՝ աստվածահաճո ձեռնարկի համար։ Հուշակոթողի շինարարությունը կհամակարգի ԼՂ նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, կոթողը կբացվի կարճ ժամկետում։ 

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ «Արցախի կանչը» հուշակոթողի կառուցման վայրի ընտրությունը պատահական չէ։ Վերջին մեկ տարում «Եռաբլուրը» դարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավաքատեղին։ Ընդգծվեց, որ ոչինչ չի կարող սփոփել կորստի ցավով ապրող հայրենակիցներին, սակայն հուշակոթողը յուրօրինակ ուղերձ կլինի բոլորին։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան և իրենց սրտի խոսքն ասացին Արցախյան պատերազմում զոհված հերոսամարտիկների ծնողները, այդ թվում՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը։ 

Հուշակոթողի նախագծումը վստահվել է արցախցի ճարտարապետներ, հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյաններին։ Վերջինս հայտնեց, որ «Արցախի կանչը» հնարավորինս նման է լինելու Ստեփանակերտի հուշահամալիրին։ 

«Հուշակոթողի տարածքը կազմելու է մոտ 500 ք/մ։ Բուն կոթողն ունենալու է 6 մետր բարձրություն։ Մեզ անհրաժեշտ էր մի տեղ, ուր կարող են հավաքվել բոլորը, հետևաբար այս նախաձեռնությունը գալիս է լրացնելու այդ բացը։ Հուշակոթողի կառուցման համար ընտրել ենք պարզ ճարտարապետական, մինիմալիստական ոճը։ Այն ունենալու է բաց խորան, ծաղիկներ խոնարհելու, մոմ և խունկ վառելու տեղ։ Խորանի վերնամասում բրոնզե տառերով գրվելու է հուշակոթողի անվանումը, որն, ի դեպ, հավանել են բոլորը։ Հույս ունենք, որ հուշակոթողը բոլորի, հատկապես արցախահայերի համար կդառնա սրբավայր»,- ասաց Միքայել Սարգսյանը։ 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր հերթին ասաց, որ հուշակոթողի կառուցմամբ՝ կստեղծվի նյութական և հոգևոր կամուրջ մեր անցյալի, ներկայի ու ապագայի միջև։ 

«Երբ լացում են մարդու աչքերը, դա տեսանելի է բոլորին, սակայն երբ լացում է սիրտը, դա միայն զգում ես։ Մեր զգացողությունները մեզ տանում են դեպի Արցախի 1988 թվականի շարժումը, որի արդյունքում մենք տեսանք լուսավոր, հաղթանակած և պայծառ Արցախ։ Ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ միշտ չէ, որ մենք արժանանում ենք հաղթանակի դափնեպսակին, այլև արժանանում ենք մեր պատիվը նսեմացնող փշե պսակին։ Քրիստոնեությունը մեզ համար միայն հավատք չէ, այն հավատքով ստեղծված մշակույթ է, խաչքարեր են, գերեզմաններն են, վանքեր են ու եկեղեցիներ։ Քրիստոնեությունը մեր ինքնությունն է և, որպես շարժիչ ուժ, հանդես է գալիս այն ժամանակ, երբ մենք իրապես կապի մեջ ենք առ Աստված։ Քրիստոնեությունն, ի վերջո, մեր արժանապատվությունն է։ Համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է: Մենք տեսնում ենք տեսիլիքներ, ցավ զգում և մտածում, թե ինչպես անել, որպեսզի մեզ համար կրկին լինի լուսավոր փառք»,- նշեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

Սրբազանի խոսքով՝ գերխնդիրն այսօր մեր սեփական ուժի վրա հենվելն է։ 

Վերջում հոգևոր այրերը, ծիսակարգի համաձայն, օծեցին և օրհնեցին ապագա հուշակոթողի հիմնարկեքը։ 

Մանվել Մարգարյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում