Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը կարող է շեշտակիորեն նպաստել ոլորտի զարգացմանը. մասնագետների վերլուծությունը
10 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող կամ նման մտադրություն ունեցող գործարարներն ու հավանական ներդրողներն այսուհետ կկարողանան ավելի դյուրին իրականացնել իրենց նախագծերը, դրանք դարձնել առավել թիրախային և արդյունավետ: Այդ հարցում նրանց զգալիորեն կօգնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ մշակված Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը, որը կոչված է նոր լիցք հաղորդել ոլորտի զարգացմանը:
Օրեր առաջ հանրությանը ներկայացված այս տեղեկատուն, մասնագետների գնահատմամբ, կարող է դառնալ ոլորտով հետաքրքրվողների «սեղանի գիրքը»: Ուղեցույցում ներկայացված են արժեքավոր տեղեկություններ Հայաստանի յուրահատուկ մշակութային ժառանգության, կայուն տնտեսական աճի, բիզնես միջավայրի, զբոսաշրջության ոլորտի և այլ կարևոր գործոնների մասին: Ուղեցույցի կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դրա շնորհանդեսին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործարարների արժեքավոր «խորհրդատուն»
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ուղեցույցի ստեղծման հիմնական նպատակներից է շահագրգիռ շրջանակներին ներկայացնել, թե հատկապես ինչի շնորհիվ է Հայաստանը հրապուրիչ զբոսաշրջային տեսանկյունից, հետևաբար՝ գրավիչ ներդրումների համար:
«Ուղեցույցը բաղկացած է մի քանի գլուխներից։ Ներկայացված են Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, ներդրումային դաշտը, օրենսդրական կարգավորումները, ներդրումների տեսանկյունից արժեքավոր առաջարկները, իրականացվող ծրագրերը, համապարփակ տեղեկություններ զբոսաշրջության ոլորտի և դրա զարգացուման միտումների վերաբերյալ, տվյալներ զբոսաշրջության ոլորտի վրա տնտեսության մյուս ճյուղերի ազդեցության ու նշանակության մասին։ Հիմնական նպատակն է Հայաստանը ճիշտ ներկայացնել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են մեր երկրում գործունեության ծավալմամբ։ Ի դեպ, ուղեցույցը ստեղծվել է պետական և մասնավոր հատվածը ներկայացնող նվիրյալների մեծ թիմի ջանքերով և աշխատանքի արդյունքում»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը:
Նա գտնում է, որ հաջողվել է ստեղծել անչափ օգտակար մի տեղեկատու, որը տալիս է գործարարներին հետաքրքրող գլխավոր հարցերի մանրամասն պատասխանները։
«Այդպիսով, ձեռներեցները կարող են հստակ կողմնորոշվել, թե ինչ քայլեր պետք է կատարեն, որտեղ դիմեն և ինչպես տրամաբանական ավարտին հասցնեն բռնած գործը։ Մի խոսքով, ստանան ծագած հիմնական հարցերի պատասխանները։ Որոշ դեպքերում նույնիսկ ներկայացվում է, թե որ ուղղություններով կարելի է ավելի արդյունավետ ներդրումներ կատարել»,- մանրամասնեց վարչության պետը։
Նրա կարծիքով՝ ուղեցույցը ստեղծվել է ճիշտ ժամանակին, քանի որ վերջին շրջանում Հայաստանում կարևոր զարգացումներ են տեղի ունենում զբոսաշրջության բնագավառում։ Այդ թվում՝ ինստիտուցիոնալ բնույթի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Զբոսաշրջության մասին նոր օրենքը, որի մի շարք դրույթներ էլ կսկսեն գործել 2025 թվականի սկզբից: Նաև ավարտվում է ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարության մշակումը: Բացի այդ, 2023 թվականի տվյալների մշակմամբ ստեղծվել է Հայաստան այցելած զբոսաշրջիկի ընդհանրացված պրոֆիլը:
Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ Հայաստանում հեռանկարային ու շահույթի ապահովման առումով խոստումնալից է զբոսաշրջության գրեթե բոլոր ուղղությունների զարգացումը՝ մշակութային, խոհարարական, արկածային, գյուղական, բժշկական, սպորտային և այլն։
Սոնա Հովհաննիսյանը հատկապես կարևորում է մարզերում ժամանակակից չափանիշներով հյուրանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցումն ու արդիականացումը։
«Դրա կարիքը զգացվում է։ Այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը էապես կնպաստի զբոսաշրջային այցելությունների աճին: Կարևոր է ունենալ պայմանների և հագեցվածության առումով այնպիսի հյուրանոցներ, որոնցում կարելի է նաև տարբեր բնույթի միջոցառումներ կազմակերպել։ Այդ առումով մեր հնարավորությունները ներկայումս խիստ սահմանափակ են»,- նշեց նա։
Փորձագետի գնահատականը
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Քրիստինե Թաթոսյանի գնահատմամբ՝ նման ուղեցույցները շատ կարևոր են հատկապես Հայաստանի ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև անհրաժեշտ տեղակատվությունը ներդողներին հնարավորինս կոնկրետ ներկայացնելու առումով:
«Սովորաբար, նման ուղեցույցներում կարևորվում է ոչ միայն կոնկրետ ոլորտների ուսումնասիրությունը, այլ նաև մակրոտնտեսական այնպիսի տվյալների ներկայացումը, որոնք հիմնավոր պատկերացում են տալիս երկրի տնտեսական զարգացման մակարդակի վերաբերյալ: Մասնավորապես, 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ում ծառայությունների ոլորտի 59 տոկոսի մասնաբաժին ունենալու մասին տեղեկությունը պոտենցիալ ներդրողին հստակ պատկերացում է տալիս Հայաստանում ծառայությունների ոլորտին տրվող առաջնահերթության աստիճանի մասին:
Միաժամանակ, ուղեցույցում ներառված տեղակատվությունը համադրված է միջազգային մրցունակության գնահատման ինդեքսների համեմատական գնահատականներին (ինչպես օրինակ՝ Economic Freedom Index by The Heritage Foundation, OECD FDI Regulatory Restrictiveness Index), ինչը ևս պոտենցիալ ներդրողի համար լավ ցուցիչ կարող է հանդիսանալ Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար»,- նշեց նա:
Քրիստինե Թաթոսյանը գտնում է, որ ուղեցույցում ներկայացված վիճակագրական տվյալները (օրինակ, 2013-2023 թվականների ընթացքում Հայաստան այցելած միջազգային զբոսաշրջիկների թվի, ՀՆԱ-ում ներգնա զբոսաշրջության ծախսերի, օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին) ևս ակնառու են դարձնում Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաջիկա միտումները և այդ ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը: Ուղեցույցում ներկայացված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության և ներդրումների խթանման այն ծրագրերը (այդ թվում՝ հարկային քաղաքականությունը), որոնք երկարաժամկետ կտրվածքով միտված են ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև մյուս ոլորտների ներդրումային գրավչության բարձրացմանը:
Նա կարևորում է հատկապես այն հանգամանքը, որ ուղեցույցում ներկայացված են ոչ միայն ավանդական զբոսաշրջային ուղղությունները, այլև նոր տեսակները: Մասնավորապես, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում «Մայլեռ Ռեզորթ»-ի կառուցումը, որը զբոսաշրջային նոր առաջարկով և ներդրումային գրավչությամբ (դահուկասահք, սնոուբորդ, լեռնային բայքինգ և այլ ձմեռային մարզաձևեր) կարող է հանդիսանալ սեզոնային զբոսաշրջության այլընտրանքային ուղղություն: Փորձագետը նշում է, որ այս նախագիծն առաջիկա տարիներին լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտում կարող է շղթայական կերպով ապահովել ներդրումների ներհոսք ինչպես Արագածոտնի մարզի այլ գյուղերում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում:
Ըստ Քրիստինե Թաթոսյանի՝ ուղեցույցը կարող է նպաստել ոչ միայն ՀՀ այցելող զբոսաշրջիկների թվի աճին, ներդրումների ներգրավմանը, Հայաստանի ներդրումային միջավայրի մասին պատկերացում ձևավորելուն, այլ նաև կարող է կողմնորոշիչ ուղեցույց դառնալ զբոսաշրջիկների համար: Այդ առումով անչափ կարևոր է ապահովել ուղեցույցի հասանելիությունը միջազգային տարբեր հարթակներում, թիրախային շրջանակներին հասցնելը:
Քրիստինե Թաթոսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներկայումս իրականացնում է «ՀՀ մարզերի ներդրումային գրավչության բարձրացման ուղիները» թեմայով հետազոտական աշխատանք, որը միտված է բացահայտելու Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման հնարավորությունները Սյունիքի, Տավուշի, Արարատի և Արագածոտնի մարզերում:
Ուշագրավ վիճակագրություն
Վերջին տվյալներով՝ օգոստոսին Հայաստան է այցելել այլ երկրների 300 հազար 919, իսկ ընթացիկ տարվա 8 ամիսներին՝ 1 մլն 484 հազար 684 քաղաքացի: Դա քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այնուհանդերձ, օգոստոսին՝ հուլիսի համեմատ աճ է եղել: Առավել շատ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ֆիլիպիններից, Գերմանիայից։ Ողջունելի է, որ ավելացել է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը։
Հրայր Նազարյան