Հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները. ՀՀ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձն է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անահիտ Մանասյանի ուղերձը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ:
Անկախության, պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը: Իսկ այդ առումով կարևոր է բոլորիս ջանքերի մեկտեղումը։
Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, իմ մանդատի շրջանակներում հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, նպաստելու մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը երաշխավորված կլինեն` անկախ որևէ առանձնահատկությունից ու հանգամանքից:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»։