Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վեհափառի շնորհավորական ուղերձը հրապարակվել է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին:

Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։

Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը. բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգության հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։

Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։ Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։

Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. Ամէն»:

Հայերեն Русский

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի