Հայաստան

Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը. Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վեհափառի շնորհավորական ուղերձը հրապարակվել է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին:

Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։

Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը. բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգության հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։

Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։ Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։

Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. Ամէն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում